ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՄԵՏԱՂԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ<br /> ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԼԱՒ<br /> ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ,- ՆՇՈՒՄ Է ՔՐՈՆԻՄԵԹԻ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՄԵՏԱՂԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ
ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԼԱՒ
ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ,- ՆՇՈՒՄ Է ՔՐՈՆԻՄԵԹԻ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 01-08-2007 22:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում ՀՀ պատուաւոր հիւպատոս, Քրոնիմեթ ընկերութեան (CRONIMET GRUPPE) հիմնադիր եւ նախագահ Գյունթեր Պիլարսկու գլխաւորած պատուիրակութեան հետ օգոստոսի 1-ին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը: Ողջունելով եւ բարձր գնահատելով Հայաստանում գերմանական ամենախոշոր ներդրողի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 70 տոկոսի սեփականատեր Քրոնիմեթ ընկերութեան գործունէութիւնը ՀՀ-ում, որի շնորհիւ Գերմանիան Հայաստանում դարձել է խոշորագոյն ներդրողներից մէկը, վարչապետը ՀՀ կառավարութեան անունից պատրաստակամութիւն է յայտնել խորացնել համագործակցութիւնը համաշխարհային շուկայում մետաղագործական արդիւնաբերութեան մէջ անմշակ հումքի վերամշակմամբ զբաղուող առաջատար այդ ընկերութեան հետ: Սերժ Սարգսեանն ընդգծել է, որ ՀՀ կառավարութիւնն իր առաջիկայ հինգ տարիների ծրագրում հանքարդյունաբերության ոլորտը դիտարկել է զարգացման առաջնահերթություններից մէկը, եւ արտահանման լուրջ հեռանկար ունեցող այդ ոլորտի զարգացման նպատակով հնարավորինս խրախուսելու է պետութիւն-մասնաւոր հատուած համագործակցութիւնը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ ՀՀ կառավարութեան փոխգործակցությունը, ըստ վարչապետի, կարող է դառնալ շատ լաւ օրինակ: ԳԴՀ-ում ՀՀ պատուաւոր հիւպատոս Գյունթեր Պիլարսկին տեղեկացրել է, որ իր այցը Հայաստան նպատակ ունի խորացնել համագործակցութիւնը, եւ ուրախ է ՀՀ կառավարութեան ղեկավարի կողմից լսել նոյնպիսի պատրաստակամութեան եւ ցանկութեան մասին: Նա վարչապետին ներկայացրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապուած զարգացման առաջիկայ ծրագրերը, որոնցից մէկն էլ, ըստ պարոն Պիլարսկու, պղնձի խտանիւթը տեղում վերամշակելու ծրագիրն է, ինչը բաւականին օգտակար կարող է լինել Հայաստանի համար: Նշելով, որ վերջին տարիներին համաշխարհային շուկայում բաւականին բարձրացել է մետաղի գինը` Գյունթեր Պիլարսկին ասել է, թէ դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին եւս լրացուցիչ ներդրումների լաւ հնարաւորութիւններ է ընձեռում: Ի պատասխան վարչապետի հարցին, թէ արդեօ՞ք կոմբինատի հզորութիւնների մեծացումը բնապահպանական առումով խնդիրներ չի յարուցի, պարոն Պիլարսկին վստահեցրել է, որ ամբողջ աշխատանքն իրականացուելու է փակ ցիկլով, եւ մտահոգութեան որեւէ հիմք չկայ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, վարչապետի եւ գերմանական պատուիրակութեան հանդիպման ժամանակ քննարկուել են նաեւ այլ ոլորտներում հեռանկարային համագործակցութեան հետ կապուած հարցեր: Երկուստեք կարեւորվել է ապահովագրական շուկայի զարգացումը մեր երկրում եւ այդ նպատակով խոշոր բանկերի ու ապահովագրական ընկերութիւնների մուտքը հայկական շուկայ: Անդրադարձ է կատարուել նաեւ տրանսպորտի ոլորտում փոխգործակցությանը, որի ուղղութեամբ արդէն բանակցութիւններ են ընթանում Երեւանի քաղաքապետարանի ու շահագրգիռ նախարարութիւնների հետ: Գյունթեր Պիլարսկին ներկայացրել է «Էլեկտրոն» գործարանի հետ կապուած իրենց ծրագրերը եւս, որոնք, ըստ նրա, նույնպես բաւականին շահաւետ են:
  -   Տնտեսութիւն