ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ ՓՈՂՈՑԱՅԻՆ<br /> ԱՌԵՎՏՐԻ ԴԷՄ<br />


ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ ՓՈՂՈՑԱՅԻՆ
ԱՌԵՎՏՐԻ ԴԷՄ

  • 19-06-2007 17:35:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ոստիկանութեան եւ Գիւղատնտեսութեան նախարարութեան հետ համատեղ Երեւանի քաղաքապետարանը յունիսի 1-ից իրականացնում է բացօթեայ վաճառակետերում պատրաստուող սննդամթերքի վաճառքի դէմ ուղղուած միջոցառումներ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչութեան պետ Կարեն Գեւորգեանը, մայրաքաղաքում անցկացուող ամէնօրեայ ստուգումների արդիւնքում արդէն առգրաւուել են լցնովի պաղպաղակի 12, զովացուցիչ ըմպելիքների եւ կարսի խորովածի պատրաստման 2-ական սարքաւորումներ: Կ.Գեւորգեանի խօսքերով, թէեւ սննդամթերքի փողոցային առեւտրի դէմ լուրջ պայքար է իրականացւում, այն անհնար է վերացնել միայն քաղաքապետարանի ուժերով: «Մայրաքաղաքում այդպիսի սարքաւորումները բազմաթիւ են, բայց շրջայցերի ժամանակ դրանք թաքցվում են: Դրա համար անհրաժեշտ է թաղապետարանների աջակցութիւնը, որպէսզի ամէնօրեայ ստուգումների արդիւնքում կարողանանք պայքարել ոչ միայն փողոցային առեւտրի, այլեւ արագ պատրաստուող սննդամթերքի վաճառքի դէմ»,- նշեց Կ.Գեւորգեանը: Նրա խօսքերով, քաղաքացիները պէտք է գիտակցեն, որ փողոցում վաճառւող մթերքը վտանգաւոր է առողջութեան համար, քանի որ այն իրացւում է սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող պայմաններում: Վարչութեան պետը նշեց, որ միջոցառումներ են նախատեսւում իրականացնել նաեւ փողոցներում ձմերուկի եւ սեխի վաճառքի դէմ: Թաղապետարաններն արդէն զգուշացվել են, որպէսզի համայնքներում, մասնաւորապէս բնակելի շէնքերի հարեւանութեամբ, ձմերուկի եւ սեխի վաճառքի համար տեղեր յատկացուեն:
  -   Հասարակութիւն