ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ<br />


ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

  • 01-06-2007 18:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեխաների պաշտպանութեան օրը` Յունիսի 1-ին, ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակում բացուեց երեխաների նկարչութեան միջազգային մրցոյթի 400 մասնակիցների նկարների ցուցահանդէսը, որը գործելու է մինչեւ յունիսի 10-ը: «Մենք կարող ենք վերջ դնել աղքատութեանը» թեմայով դրոշմանիշի ձեւաւորման երեխաների միջազգային մրցոյթը յայտարարուել էր անցած տարի` Աղքատութեան վերացման միջազգային օրը (հոկտեմբերի 17-ին): Ցուցահանդէսում ներկայացուած են Երեւանի, Շիրակի, Լոռու եւ Կոտայքի մարզերի հանրակրթական եւ նկարչութեան դպրոցների 5-15 տարեկան սաների աշխատանքները: Ինչպէս նշեց ՄԱԿ-ի Հանրային տեղեկատուութեան վարչութեան աշխատակից Արմինէ Հալաջեանը, յունիսի վերջին Հայաստանից հաւաքուած բոլոր նկարները ուղարկուելու են Նյու Եորք: Ըստ նրա, ժիւրիի կողմից կընտրուի աշխարհի գրեթէ բոլոր երկրներից ներկայացուած նմանօրինակ աշխատանքներից 6-ը: Ա.Հալաջեանը նշեց, որ ընտրուած աշխատանքները Աղքատութեան վերացման միջազգային օրուայ այս տարուայ հանդիսութեան ընթացքում կթողարկուեն որպէս ՄԱԿ-Ի Փոստային վարչութեան դրոշմանիշներ: Բացի 6 լաւագոյն աշխատանքներից, եւս 20-ը կարժանանան յատուկ խրախուսանքի: Յաղթող ճանաչուած բոլոր 26 աշխատանքները կցուցադրուեն Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնական գրասենեակի յատուկ ցուցահանդէսի ժամանակ:
  -   Հասարակութիւն