ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՐԿՈՒ ՕՐ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱՅ<br /> ԽՆԴԻՐՆԵՐԸ<br />


ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՐԿՈՒ ՕՐ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱՅ
ԽՆԴԻՐՆԵՐԸ

  • 07-05-2007 20:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԾԱՂԿԱՁՈՐ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թատրոնների գործունէութեանն ու թատերական խնդիրներին էին նուիրուած Ծաղկաձորում մայիսի 5-6-ը կայացած համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի պետական եւ ոչ պետական գրեթէ բոլոր թատրոնների ղեկավարներն ու ներկայացուցիչները: ՀՀ նախագահին կից մշակոյթի խորհրդի համակարգող, նախագահի խորհրդական Սեյրան Աւագեանի նախաձեռնեությամբ արդէն չորրորդ անգամ կազմակերպւող համաժողովը(մինչեւ այդ նմանատիպ համաժողովներ են կազմակերպուել կերպարուեստի, կինոյի եւ գրականութեան ոլորտի ներկայացուցիչների մասնակցութեամբ) միտուած է մշակոյթի ոլորտի արդի խնդիրները վեր հանելուն, առաջարկութիւններն արձանագրելուն, հրատապ հարցերը քննարկելուն եւ դրանց լուծման ու յետագայ առաջընթացի համար ռազմավարութիւն մշակելուն: ՀՀ մշակոյթի եւ երիտասարդության հարցերի նախարար Յասմիկ Պողոսեանը մասնաւորապէս խօսեց այն մասին, որ երեք` Սունդուկեանի, Պարոնեանի եւ Ստանիսլավսկու անուան թատրոնների շէնքերի պահպանումը պէտք է պետութիւնը ամբողջապէս վերցնի իր վրայ, որպէսզի մասնաւոր թատրոնները կարողանան ներկայացումներ բեմադրել եւ ցուցադրել դրանցում: Երիտասարդ ռեժիսորները թատերական բազմերանգությունը պահպանելու նպատակով բարձրացրեցին «ազատ բեմ» ունենալու խնդիրը` առաջարկելով կառուցել նոր շէնք կամ ունեցածներից մէկը օգտագործել այդ նպատակով: Ներկաները անդրադարձան նաեւ թատերական դրամատուրգիային, թատրոնների կառավարման նոր ձեւին, ըստ որի, թատրոնում պէտք է տարանջատուեն գեղարուեստական ղեկավար եւ ռեժիսոր պաշտօնները: Ներկաները նաեւ առաջարկեցին նուազեցնել թատրոնների տոմսերի արժէքից գանձուող աւելացուած արժէքի հարկի դրույքաչափը: Բացի այդ, քննարկվեց նաեւ հեռուստաթատրոնի աւանդոյթի վերկանգնման հարցը: Աւարտելով համաժողովը, Սեյրան Աւագեանը նշեց, որ ինքը այս քննարկման նիւթը ամբողջապէս փոխանցելու է երկրի նախագահին: Ըստ նախագահի խորհրդարկանի, քաղաքակիրթ ու զարգացած երկրներում բոլոր հարցերը լուծւում են այս ձեւաչափով. լսում են ոլորտի մասնագէտների կողմից բարձրացուած խնդիրները, առաջարկութիւնները, որից յետոյ գտնում ընդհանուր լուծումներ: Համաժողովի աւարտին դերասնաներից ոմանք հանդէս եկան յայտարարութեամբ` յորդորելով Սեյրան Աւագեանին` ՀՀ նախագահին հաղորդել իրենց ցանկութիւնը` անկախ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներից, մշակոյթի անկուսակցական նախարար ունենալու մասին: Յիշեցնենք, որ ՀՀ մշակոյթի եւ երիտասարդության հարցերի նախարար Յասմիկ Պողոսեանը առաջադրուած է Միաւորուած աշխատանքային կուսակցութեան կողմից, սակայն, վերջերս նա յայտարարել է, որ ինքը կապ չունի կուսակցութեան հետ:
  -   Մշակոյթ