ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈՆ ԿՐԿԻՆ ԿԶԲԱՂԵՑՆԻ ԿՈՒԲԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՊԱՇՏՕՆԸ<br />


ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈՆ ԿՐԿԻՆ ԿԶԲԱՂԵՑՆԻ ԿՈՒԲԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՊԱՇՏՕՆԸ

  • 16-03-2007 18:28:00   |   |  Միջազգային
ՀԱՎԱՆԱ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆիդել Կաստրոն վիրահատությունից յետոյ արագօրէն վերականգնւում է եւ կկարողանայ շարունակել կատարել պետութեան ղեկավարի իր պարտականութիւնները: Այս մասին հինգշաբթի լրագրողներին յայտարարել է Կուբայի ժողովրդական իշխանութեան ազգային վեհաժողովի (խորհրդարանի) նախագահ Ռիկարդո Ալարկոնը: Նա համոզմունք է յայտնել, որ Ֆիդել Կաստրոն «կլինի հոյակապ վիճակում» եկող տարուայ մարտին խորհրդարանում վերընտրվելու համար: Կաստրոյի պատգամաւոր վերընտրվելը անհրաժեշտ փուլ է «պետութեան ղեկավարի պաշտօնում իր գործունէութիւնը շարունակելու» համար, յայտարարել է Ալարկոնը: Ըստ Կուբայի խորհրդարանի նախագահի, նա բաւականին յաճախ է շփւում Կաստրոյի հետ նրա վերականգնման շրջանում: «Նա չի հեռացել իշխանութիւնից եւ մասնակցում է պետութեան համար առաւել կարեւոր որոշումների ընդունմանը»,- հաւաստիացրել է Կուբայի խորհրդարանի խօսնակը: Միեւնոյն ժամանակ, Ալարկոնը նկատել է, որ Ֆիդելի վերադարձը աշխատանքի «կախուած է անձամբ իրենից եւ բուժող բժիշկներից»,- նշում է «ինտերֆաքսը»: Ալարկոնը յայտնել է, որ անձամբ կառաջադրի այնուհետեւ Կաստրոյի թեկնածութիւնը պետութեան բարձրագոյն պաշտօնի համար խորհրդարանի կողմից հերթական անգամ ընտրութեան համար: Խորհրդարանի խօսնակը այս յայտարարութիւնն արել է խորհրդակցութիւնից յետոյ, ուր քննարկուել են Կուբայում գալիք տարուայ մարտին նախատեսուած համընդհանուր ընտրութիւնների նախապատրաստութեան հարցերը: Դրանց արդիւնքում ընտրուած պատգամաւորները կնշանակեն Պետխորհրդի նախագահ` գործադիր իշխանութեան ղեկավար: Այն ժամանակից, երբ երկրի 1976 թ. սահմանադրութեամբ հիմնուել է այդ պաշտօնը, այն անփոփոխ զբաղեցրել է Ֆիդել Կաստրոն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
  -   Միջազգային