ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆԵԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԴԻՄԵԼ ՀՀ<br /> ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ԵՒՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ<br />


ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆԵԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԴԻՄԵԼ ՀՀ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ԵՒՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ

  • 12-03-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 11-ին «Ժամանակ Երեւան» թերթի նախկին գլխաւոր խմբագիր Արման Բաբաջանեանի պաշտպաններին է վերադարձուել իրենց վճռաբեկ բողոքը: Այս մասին մարտի 12-ի ասուլիսում յայտնեցին լրագրողի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Զարուհի Փոստանջյանը: Ըստ պաշտպանական կողմի, վճռաբեկ բողոքը վերադարձուել է օրէնքի կոպիտ խախտումներով. բողոքը ներկայացուել է յունվարի 22-ին եւ այն ընդունելու կամ ընդունումը մերժելու որոշումը պէտք է կայացուէր 10 օրուայ ընթացքում, այսինքն փետրուարի 1-ին: Մինչդեռ մարտի 6-ին փաստաբան Զ.Փոստանջյանի հարցմանն ի պատասխան բանաւոր ասուել է, որ որեւէ որոշում ՀՀ Վճռաբեկ դատարանը դեռեւս չի կայացրել: Մարտի 7-ին Վճռաբեկ դատարանին գրաւոր դիմելուց յետոյ, որտեղ մատնանշվում էին օրէնքի խախտումները, ստացուել է փետրուարի 26-ի` այսինքն յետին թվագրութեամբ որոշում` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին: Պաշտպանները ուշադրութիւն հրաւիրեցին նաեւ այն բանի վրայ, որ բողոքը ընդունելու մերժման որոշումը տրւում է ստանդարտ պատճառաբանութիւն: Պաշտպանական կողմը մտադիր է դիմել ՀՀ Սահմանադրական եւ Մարդու իրաւունքների Եւրոպական դատարաններ: Որպէս դիմումի հիմք ներկայացուելու են ՀՀ Սահմանադրութեան յոդուածների խախտումները. մասնաւորապէս, սահմանադրութեամբ դատախազութիւնը չունի նախաքննություն իրականացնելու լիազօրութիւն եւ նման լիազօրութիւն թոյլ տուող քրէական դատաւարութեան օրէնսգրքի համապատասխան յօդուածը հակասում է սահմանադրութեանը: Պաշտպանական կողմը մտադիր է նաեւ վիճարկել վճռաբեկ բողոքը վերադարձնելու աբստրակտ ձեւակերպման, ինչպէս նաեւ զորակոչից խուսափող անձանց քրէական պատասխանատւութիւնից ազատող միջգերատեսչական յանձնաժողովի լիազօրութեան սահմանադրականությունը:
  -   Հասարակութիւն