Ոստիկանութեան օպերլիազորը մեղադրւում է շորթմամբ կաշառք<br /> ստանալու մէջ<br />


Ոստիկանութեան օպերլիազորը մեղադրւում է շորթմամբ կաշառք
ստանալու մէջ

  • 02-10-2009 17:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Յատուկ քննչական ծառայութեան վարոյթում աւարտուել է ոստիկանութեան Նոր Նորքի բաժնի քրէական հետախուզութեան բաժանմունքի աշխատակից Մհեր Յովհաննիսեանի կողմից շորթմամբ կաշառք ստանալու դէպքի առթիւ յարուցուած քրէական գործի նախաքննութիւնը: Նախաքննութեան օրինականութեան նկատմամբ հսկողութիւն իրականացնող դատախազը հոկտեմբերի 2-ին հաստատել է մեղադրական եզրակացութիւնը: Նախաքննությամբ պարզուել է, որ յուլիսի 2-ին ՀՀ ոստիկանութեան Նոր Նորքի բաժին բերման է ենթարկուել ՌԴ Կիսլովոդսկ քաղաքի ոստիկանութեան կողմից հետախուզման մէջ գտնուող Կ.Դյոմենը: Վերջինից կաշառք շորթելու նպատակով ոստիկանութեան նոյն բաժնի քրէական հետախուզութեան բաժանմունքի օպերլիազոր Մ.Յովհաննիսեանը գաղտնի է պահել նրա նկատմամբ որպէս խափանման միջոց ստորագրութիւնն ընտրուած լինելու հանգամանքը եւ չկալանավորելու համար պահանջել 1000 ԱՄՆ դոլար: Կ.Դյոմենը համաձայնել է օպերլիազորի պահանջին եւ նոյն օրը նրան փոխանցել կաշառքի մի մասը 180 135 ՀՀ դրամին համարժէք 500 ԱՄՆ դոլար: Կաշառքի մնացած 500 դոլարից մի մասը` 74 068 դրամին համարժէք 200 ԱՄՆ դոլարը, Կ.Դյոմենը Մ.Յովհաննիսեանին է յանձնել յուլիսի 31-ին, որը նոյն պահին յայտնաբերել եւ առգրաւել են ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան աշխատակիցները: Ըստ ՀՀ Գլխաւոր դատախազութեան մամուլի ծառայութեան հաղորդագրութեան, նախաքննությամբ ձեռք բերուած ապացոյցների հիման վրայ Մ.Յովհաննիսեանին մեղադրանք է առաջադրուել ՀՀ Քրէական օրէնսգրքի 311-րդ յօդուածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպէս խափանման միջոց է ընտրուել կալանքը: Քրէական գործն ուղարկուել է Երեւանի Աւան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատեանի դատարան ըստ էութեան քննելու համար:
  -   Հասարակութիւն