Թուրքիայում լոյս կտեսնի «Մեր պապերի դրացիները.<br /> թուրք-հայկական յարաբերութիւնների խաղաղ կողմերը» գիրքը<br />


Թուրքիայում լոյս կտեսնի «Մեր պապերի դրացիները.
թուրք-հայկական յարաբերութիւնների խաղաղ կողմերը» գիրքը

  • 01-10-2009 15:55:00   |   |  Հասարակութիւն
ՍՏԱՄԲՈՒԼ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թոքատի Գազի Օսման Փաշա համալսարանի Գրականութեան ֆակուլտետի դոցենտ Զեքերիա Բաշքալի եւ Սոցիոլոգիայի ֆակուլտետի մասնագէտ Նիյազի Օզդեմիրի համահեղինակութեամբ շուտով լոյս կտեսնի «Մեր պապերի դրացիները. թուրք-հայկական յարաբերութիւնների խաղաղ կողմերը» գիրքը: Այս մասին գրում է «Մարմարան»` վկայակոչելով «Զամանում» տպագրված հարցազրոյցը գրքի հեղինակների հետ: Գրքում տեղ են գտել հարցազրույցներ Սվազում, Կեսարիայում, Ամասիայում, Թոքատում եւ Ստամբուլում բնակուող հայերի եւ թուրքերի հետ, նաեւ հայերի եւ թուրքերի բարեկամութեան մասին պատմող գրական էջեր: Գրքում կան Սվազի պետական տոմարներից դուրս գրուած արձանագրութիւններ: Գրքի հեղինակների բերած փաստարկները վկայում են, որ կրօնը երբեք բաժանարար դեր չի կատարել երկու ազգերի միջեւ: Մինչեւ այսօր հայկական հարցը միշտ բացասական կերպով է ներկայացուել, խօսուել է արեան, մահուան, սպանդի ու աքսորի մասին, բայց երկու կողմերն էլ ունեցել են խոր ցավեր, որոնց նկատմամբ յարգանք պէտք է ցուցաբերել: Հեղինակը մէջ է բերել Ալիֆ Էմիրի խօսքը. Հայերի հետ մենք կրօնի եղբայր չենք, բայց հայրենիքի եղբայր ենք»: Հեղինակները նշում են, որ գրքի ընթերցողները պէտք է իմանան, որ թուրք մանուկները իրենց դրացիներին «Օհանիկ քեռի» կամ «Մաբել մորաքուր» են դիմել, եւ «նրանց այդ բարեկամութիւնը ժառանգութիւն է, որ հպարտացնում է մեզ»: Ըստ Զեքերիա Բաշքալի, գիրքը պատգամում է. «Եթէ սովորենք, որ անցեալում մեզանից տարբերվողներից չէինք վախենում, նրանց հետ ապրելուց չէինք անհանգստանում, այդ ժամանակ այսօր էլ չենք խուսափի նրանց հետ յարաբերութիւններ հաստատելուց»: Հարցազրոյցի ժամանակ հետաքրքիր հարց է հնչել. արդեօք հնարաւոր չէ՞ տարուայ մէկ օրը Հայկական օր հռչակել, որպէսզի արտասահմանցի հայերը գան ու աղոթեն իրենց ծննդավայրերում: Հայկական գերեզմանատներ կան, որոնք շատ անխնամ վիճակում են: Բայց, օրինակ, Սվազի քաղաքապետը նորոգել է տուել տեղի հայկական գերեզմանատունը: Ի պատասխան գրքի հեղինակները նշել են, որ խնդիրներ շատ կան, բայց «որքան ինքնավստահություն ձեռք բերենք, այնքան աւելի մերը կհամարենք հայերին: Նրանք մեզանից տարբեր չեն:Սակայն վտանգաւոր է ասել, թէ նրանք մեզանից տարբեր չեն: Ընդհակառակը, պէտք է պաշտպանենք այն տարբերութիւնը, որ կայ մեր եւ նրանց միջեւ: Ուրեմն մեր կարգախօսը պէտք է լինի հետեւեալը. տարբեր լինելը գեղեցիկ է»:
  -   Հասարակութիւն