Ղրիմում կայացել է «Ուկրաինայի հայերը. երէկ այսօր, վաղը»
երկրորդ միջազգային համաժողովը


10-09-2009 17:20:00   |   |  Քաղաքական
ՂՐԻՄ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 5-ին Ղրիմի Սուրբ Խաչ հայկական հինաւուրց վանքի սեղանատանը իր աշխատանքն է սկսել հայոց պատմութեանը նուիրուած երկրորդ միջազգային համաժողովը: Վերականգնողական աշխատանքների աւարտից եւ հանդիսաւոր օծումից յետոյ հինաւուրց վանքը, որ հոգեւոր-կրթական կենտրոն է եղել, այսօր վերածնում է իր հոգեւոր եւ գիտական կենտրոնի փառքը: Վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցում պատարագ մատուցելուց յետոյ սեղանատանը հանդիսաւոր պայմաններում բացուել է համաժողովը: Ուկրաինայի տարբեր մարզերից, ինչպէս նաեւ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից եւ Լեհաստանից ժամանած գիտնականներին եւ հիւրերին ողջոյնի խօսքով է դիմել համաժողովի կազմկոմիտէի նախագահ, փիլիսոփայական գիտութիւնների դոկտոր, Վերնադսկու անուան համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, Ղրիմի հայ համայնքի նախագահ Օլեգ Գաբրիէլեանը: Ինչպէս հաղորդում է Analitika.at.ua-ն, համաժողովին մասնակցել եւ զեկուցումներով են հանդէս եկել աւելի քան 30 մարդ: Համաժողովի ընթացքում հնչել են զեկուցումներ «Ղրիմի հայ բնակչութեան ներդրումը թերակղզու միջնադարեան մշակոյթում», «Ղրիմի հայերը 1917-1926թթ.», «Լեհահայեր` վիրտուալ օտարականներ», «Ստեֆան Սուրոժսկու վարքագրության հայկական տարբերակը եւ Սուգդեյի հնագիտական իրողութիւնները», «Միջնադարեան հայկական տաճարների սեւ քարերը», «Armenia Maritima - Ծովային Հայաստան», «Սուրբ Նշան եկեղեցու կոնստրուկտիվ առանձնահատկությունները Ղրիմի բազիլիկ շինութիւնների շարքում», «Ստառի Կրիմ` հայկական քաղաք», «Սեւաստոպոլի հայկական Սբ. Աննայի եկեղեցու պատմութիւնը», «ԶԼՄ-ների կայացման եւ զարգացման խնդիրները Ղրիմի հայ համայնքի նորագոյն պատմութեան մէջ» եւ այլ թեմաներով: Համաժողովն աւարտուել է սեպտեմբերի 6-ի երեկոյեան, տօնական ճաշկերոյթով:
 
  -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 31 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին