«Սինոփսիս Արմէնիա»-ն եւ Հայաստանի Պետական Երիտասարդական<br /> նուագախումբը կկնքեն Համագործակցութեան յուշագիր<br />


«Սինոփսիս Արմէնիա»-ն եւ Հայաստանի Պետական Երիտասարդական
նուագախումբը կկնքեն Համագործակցութեան յուշագիր

  • 29-05-2009 18:37:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 1-ին «Սինոփսիս Արմէնիա» ՓԲ ընկերութիւնը եւ Հայաստանի Պետական Երիտասարդական նուագախումբը (գլխաւոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) «Սինոփսիս Արմէնիա»-ի շքասրահում կկնքեն Համագործակցութեան յուշագիր: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեց ընկերութեան Հասարակայնութեան հետ կապերի պատասխանատու Գայեանէ Մարկոսեանը, Յուշագիրը կստորագրեն «Սինոփսիս Արմէնիա»-ի գլխաւոր գործադիր տնօրէն, էլեկտրոնային նախագծման աւտոմատացման, արտադրութեան համար նախագծման եւ կիսահաղորդչային մտաւոր սեփականութեան մշակման ոլորտներում համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերութեան փոխնախագահ Ռիչ Գոլդմանը եւ «Դասական երաժշտութեան աջակցութիւն» հասարակական կազմակերպութեան տնօրէն Աննա Տեր-Հովակիմեանը: Նախատեսւում է, որ, ըստ յուշագրի, «Սինոփսիս Արմէնիա»-ն եւ Երիտասարդական նուագախումբը համատեղ կկազմակերպեն համերգային միջոցառումները: «Այս Յուշագրի ստորագրումը «Սինոփսիս Արմէնիա»-ի` որպէս կորպորատիվ քաղաքացու, հերթական քայլն է` հասարակութեան մէջ հոգեւոր արժէքների սերմանման եւ տարածման ուղղութեամբ»,- ասել է «Սինոփսիս Արմէնիա»-ի գործադիր տնօրէն Հովիկ Մուսայելյանը: Նոյն օրը, Երեխաների պաշտպանութեան միջազգային օրուայ կապակցութեամբ, «Սինոփսիս Արմէնիա»-ն կկազմակերպի Խարբերդի մանկատան երեխաների աշխատանքների ցուցահանդէս-վաճառք: Հաւաքուած գումարը կփոխանցուի մանկատան երեխաների կարիքները հոգալու համար: Ընկերութիւնը արդէն երկրորդ անգամ է կազմակերպում այս բարեգործական ակցիան: Առաջին անգամ այն կազմակերպուել էր 2008թ.-ի դեկտեմբերի 22-26-ը: Դեկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանն «Սինոփսիս Արմէնիա» այցի ընթացքում ծանօթացել է երեխաների աշխատանքներին: Նշենք, որ Հայաստանի Պետական Երիտասարդական նուագախումբը, որը ստեղծուել է 2005թ.-ին, արդէն ելոյթ է ունեցել նշանաւոր երաժիշտներ Դենիս Մացուեւի, Վադիմ Ռեպինի, Վալերի Գերգիեւի եւ ուրիշների հետ, ինչպէս նաեւ պատւով համագործակցել Սանկտ Պետերբուրգի աշխարհահռչակ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նուագախմբի եւ «Մոսկուայի Վիրտուոզներ» նուագախմբերի հետ: Նուագախումբը հանդէս է եկել աշխարհի տարբեր հանրաճանաչ դահլիճներում` Փարիզի «Opera Garnier»-ում, Բեռլինի «Konzerthaus»-ում, Մոսկուայի Չայկովսկու անուան կոնսերուատորիայի մեծ համերգասրահում, Չայկովսկու անուան համերգասրահում (Մոսկուայի ֆիլհարմոնիա), ինչպէս նաեւ Արաբական Միացեալ Էմիրությունների յայտնի «Դուկտակ», «Աբու Դաբի մշակոյթային կենտրոն» համերգասրահներում :
  -   Մշակոյթ