Հայաստանի ԿԲ-ն թողարկել է «Խեցգետին» ոսկէ յուշադրամ
21-04-2009 19:20:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկը
«Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում
թողարկել է խեցգետին պատկերող ոսկէ յուշադրամ: Ծրագրով թողարկվում
են կենդանակերպի տասներկու նշաններով յուշադրամներ:
Ըստ ՀՀ ԿԲ Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան,
յուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերուած է ՀՀ զինանշանը, որից
ներքեւ, շրջագծով, հայերէն եւ անգլերէն անուանական արժէքի
մակագրությունն է` «DRAM 10000 ԴՐԱՄ»: Զինանշանից վերեւ նշուած է
թողարկման տարեթիւը` «2009»: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով:
Նշուած շրջանագծի եւ եզրաշրթի միջեւ առկայ է երկրորդ գծավոր
շրջանագիծը: Երկու շրջանագծերի միջեւ դաշտը բաժանուած է տասներկու
հաւասար մասերի, որոնցում պատկերուած են կենդանակերպի նշանների
խորհրդանիշերը: Եզրաշուրթի մօտ, վերեւում` հայերէն, իսկ ներքեւում`
անգլերէն, շրջագծով մակագրուած է, համապատասխանաբար, «ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»:
Յուշադրամի դարձերեսի կենտրոնում աստղային երկնքի ֆոնի վրայ
խեցգետնի պատկերն է: Ներքեւի աջ մասում պատկերուած է Խեցգետին
կենդանակերպի նշանի խորհրդանիշը: Ամբողջը եզերված է գծավոր
շրջանագծով: Շրջանագծի եւ եզրաշուրթի միջեւ, վերեւում` լատիներէն,
իսկ ներքեւում` ռուսերէն, նշուած է համաստեղութեան անուանումը,
համապատասխանաբար, «CANCER» եւ «PAK»:
Յուշադրամի երկու կողմից, շրջանագծով ուռուցիկ եզրաշուրթ է:
Դարձերեսի դաշտի ձեւաւորման համար օգտագործուել են գունաւոր
ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Ու.Վալեժակը: Յուշադրամը դրվագվել է
Լեհաստանի դրամահատարանում:
Յուշադրամի անուանական արժէքը 10 000 դրամ է, մետաղը` ոսկի,
հարգը` 900, զանգվածը` 8,6 գ, տրամագիծը` 22 մմ, որակը` լավացված,
դրամաշուրթը` ատամնաւոր, տպաքանակը` մինչեւ 10 000 հատ: