Ըստ ԱՄՀ-ի պաշտօնեայի, 2010թ.-ի սկզբից կսկսուի համաշխարհային
տնտեսութեան կայունացումը
10-04-2009 21:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ը մռայլ տարի է
լինելու աշխարհի համար, սակայն 2010թ.-ի սկզբից կսկսուի
համաշխարհային տնտեսութեան կայունացումը: Այս մասին ապրիլի 10-ին
Երեւանում կազմակերպուած «Գլոբալ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի
ազդեցութիւնը Հայաստանի տնտեսութեան վրայ» թեմայով քննարկմանը
յայտարարեց Արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արեւելքի
եւ Կենտրոնական Ասիայի նորանշանակ տարածաշրջանային տնօրէն Մասուդ
Ահմեդը: «Կայունացումը կախուած է այն քաղաքականութիւնից, որն
առաջիկայ ամիսներին կիրականացնեն տարբեր երկրները: Այդ
քաղաքականութիւնը ներառում է լիկվիդայնության ապահովում, բանկային
համակարգերի մաքրում, հովանաւորչութեան քաղաքականութեան
բացառում»,- նշեց նա:
Ըստ Մ.Ահմեդի, ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամն առաւել
ծանրն է մեծ դեպրեսիայից եւ Երկրորդ աշխարհամարտից յետոյ, ինչն
արտացոլւում է ԱՄՀ-ի կանխատեսումներում. հիմնադրման ժամանակներից
նման վատ կանխատեսումներ ԱՄՀ-ն չի արել: Մասնաւորապէս, ԱՄՀ-ի
կանխատեսումներով, համաշխարհային տնտեսութիւնը 2009թ.-ին կկրճատուի
0,5-1%-ով, իսկ անկումը զարգացած երկրներում կկազմի 3-3,5%:
2010թ.-ին կարձանագրվի աննշան աճ 1,5-2,5%ով, զարգացած երկրներում`
0-0,5%, իսկ զարգացող երկրներում` 3,5-4,5%:
ԱՄՀ-ի պաշտօնեան յայտարարեց, որ Հարաւկովկասեան տարածաշրջանի
բոլոր երկրներում կտրուկ նուազել են արտահանման աճի տեմպը եւ
օտարերկրեայ ուղղակի ներդրումները: Ըստ Մ.Ահմեդի, ի տարբերութիւն
տարածաշրջանի միւս երկրների, Հայաստանի տնտեսութիւնը գտնւում է
համեմատաբար բարուօք վիճակում: Մասնաւորապէս, Հայաստանի
առաւելութիւններից մէկն այն է, որ երկրի բանկային համակարգում
արտարժութային վարկերի առումով նոյն ռիսկերը չկան, ինչ այլ
պետութիւններում: Նշուեց նաեւ, որ գնաճի մակարդակը Հայաստանում այլ
պետութիւնների համեմատ բաւական մեղմ է, ինչը աւելի լաւ ելակետային
վիճակ է ստեղծում մարտահրավերներին դիմակայելու առումով: