«Մոսկովսկիէ նովոստի». Բաքուն համաձայնուել է Ղարաբաղի վերաբերեալ Մեդուեդեւի առաջարկած դրոյթների հետ


«Մոսկովսկիէ նովոստի». Բաքուն համաձայնուել է Ղարաբաղի վերաբերեալ Մեդուեդեւի առաջարկած դրոյթների հետ

  • 08-08-2011 16:30:17   | Ռուսաստան  |  Քաղաքական
Կազանեան հանդիպման ձախողումը, ինչպէս գրում է «Մոսկովսկիէ Նովոստի»-ն, բացատրւում է նրանով, որ «ռուս եւ հայ դիւանագէտները գերագնահատել են քաղաքական փոխզիջումների ծաւալը, որոնց կարող է գնալ Բաքուն»։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդուեդեւը ստիպուած էր արագ կերպով ուղղել ենթակաների սխալները եւ Սարգսեանին եւ Ալիեւին նամակներ յղել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման իր տեսլականով: Թերթի տուեալներով, Ռուսաստանի նախագահը ողջամիտ է համարել ադրբեջանական կողմի որոշ դիտողութիւններ: «Ուստի պարզ է, որ առաջինն այդ ազդանշանին արձագանքեց Ադրբեջանը»,- գրում է թերթը: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովը յուլիսի կէսերին այցելեց Մոսկուա եւ Սերգեյ Լաւրովին փոխանցեց Ալիեւի պատասխան ուղերձը: «Տեղեկութիւն կայ, որ ադրբեջանական կողմը համաձայնուել է Մեդուեդեւի նամակի դրոյթների հետ: Իսկ թէ ինչ է պատասխանել Սարգսեանը, յայտնի չէ»,- ասել է թերթին Մոսկուայի պետհամալսարանի հետխորհրդային տարածքի ուսումնասիրման կենտրոնի տնօրէն Ալեքսէյ Վլասովը: Օգոստոսի 9-ին Դմիտրի Մեդուեդեւը Սոչիում հանդիպում կ'ունենայ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Բանակցութիւնների հիմնական թեման կը լինի ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը: Ըստ թերթի, «եթէ բանակցութիւնները յաջող ընթանան, յաջորդ քայլը կը լինի Մեդուեդեւի եւ Սերժ Սարգսեանի հանդիպումը, որին կը յաջորդի եռակողմ գագաթաժողովը»:
  -   Քաղաքական