Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդեան 60-րդ տարեդարձի առիթով


Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդեան 60-րդ տարեդարձի առիթով

  • 22-08-2011 16:18:23   | Հայաստան  |  Հասարակութիւն
Օգոստոսի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ներկայութեամբ Հայաստանի թեմակալ առաջնորդների եւ Մայր Աթոռի ողջ միաբանութեան, մատուցուեց Ս. Պատարաէ: Պատարագիչն էր Երեւանի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անոյշաւան եպիսկոպոս Ժամկոչեանը: Պատարագիչ Սրբազանն իր քարոզում որդիական ջերմ սիրով ու խոնարհումով Մայր Աթոռի միաբանութեան եւ հաւատացեալ ժողովրդի անունից շնորհաւորական խօսք ուղղեց Վեհափառ Հայրապետին` ծննդեան 60-ամեակի կապակցութեամբ` մաղթելով կեանքի երկար արեւշատ օրեր եւ բեղուն գահակալութիւն` շարունակելու յաջողութեամբ հովուել համայն հայութեանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդեան տարեդարձի առիթով քարոզից յետոյ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանի հանդիսապետութեամբ կատարուեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցականները եւ հաւատացեալ ժողովուրդը հայցեցին Ամենակալ Աստծուն անսասան պահել ու պահպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու նրա արժանընտիր ու բազմաշխատ գահակալին` պարգեւելով կորով եւ զօրութիւն` իրականացնելու հայրապետական աստուածահաճոյ եկեղեցաշէն ծրագրերը` ի պայծառութիւն առաքելահիմն մեր Սուրբ Եկեղեցու եւ ի մխիթարութիւն բարեպաշտ մեր ժողովրդի: Պատարագի աւարտին հոգեւորականաց թափօրը Նորին Սրբութեանն ուղեկցեց Վեհարան, ուր եպիսկոպոսաց դասը եւ միաբանութեան անդամները վերստին շնորհաւորեցին եւ իրենց բարեմաղթանքները բերեցին Ամենայն Հայոց Հայրապետին:
  -   Հասարակութիւն