Ես չեմ հայհոյել. Արայիկ Նաւոյեան


Ես չեմ հայհոյել. Արայիկ Նաւոյեան

  • 08-06-2011 17:58:30   | Հայաստան  |  Հասարակութիւն
Յունիսի 8-ին հրաւիրուած ասուլիսի ժամանակ վերջնականապէս փորձ արուեց փակել բուհի պրոռեկտորի հետ կապուած սկանդալային ասեկօսէների հարցը: Լրագրողների բազմաթիւ հարցերից յետոյ միայն Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նաւոյեանն ասաց, որ նա իրենց շրջանաւարտին` Սոկրատ Մխիթարեանին, չի հայհոյել: Ըստ նրա, եթէ դեռ կան այլ մեղադրանքներ եւս, ապա առանց իրաւապահ մարմինների նա դրանք ընդունել չի կարող: Պրոռեկտորը, մեկնաբանելով բարձրացուած աղմուկի պատճառները, նշեց, որ որոշ մարդկանց դուր չի գալիս իր խստութիւնը, դուր չեն գալիս բարեփոխումները, եւ «հաւանաբար կայ որոշակի դիմադրութիւն»: Ինչ վերաբերում է միջադէպին, ապա այն, ըստ պրոռեկտորի, աւարտուել է հետեւեալ կերպ. Սոկրատ Մխիթարեանն իրենից ներողութիւն է խնդրել եւ նրանք բաժանուել են ձեռք ձեռքի տուած: Հարցին, թէ ինչու է բուհը վերջին ժամանակներս յայտնուել սկանդալների կիզակէտում, ՀՖՀՀ ռեկտոր Ժոել լը Մորզելեկը պատասխանեց, որ համալսարանի ներսում անառողջ մթնոլորտ չկայ: «Կային մի քանի դասախօսներ, որոնց աշխատանքային պայմանագրերի ժամկէտների աւարտին պայմանագրերը չեն երկարացուել, նրանք էլ դիմել էն դատարան»,- նշեց նա: Դատարանը բաւարարել է դասախօսների հայցը, բայց ռեկտորը պատրաստւում է դիմել Վերաքննիչ դատարան: Ռեկտորը մի քանի անգամ նշեց, որ վստահում է հայկական դատական համակարգին. խնդիրը նրանում է, որ դասախօսներն են կեղծ փաստաթղթեր ներկայացրել: Անդրադառնալով Արայիկ Նաւոյեանի հետ կապուած միջադէպին` ռեկտորն ասաց, որ իր համար անհասկանալի է այն աղմուկը, որ բարձրացուեց այս պատահարի շուրջ. «Ուսանողը ներողութիւն է խնդրել եւ ես կարծում եմ, որ դրանով ամէն ինչ փակուել է»,- ասաց նա: Ռեկտորն այս միջադէպի հետ կապուած աղմուկը կապեց վերջերս իրենց դէմ ուղղորդուած վարկաբեկման գործընթացի հետ: Պատասխանելով ռեկտորի եւ պրոռեկտորի հրաժարականը պահանջող որոշ խմբերի բարձրացրած աղմուկին` Ժոել լը Մորզելեկը նշեց, որ եւ՛ իր, եւ՛ պրոռեկտորի նշանակումը կատարւում է հայկական եւ ֆրանսիական կառավարութիւնների կողմից, եւ այս դէպքում ո՛չ դասախօսները, ո՛չ ուսանողները որեւէ բան անել չեն կարող: Անի Ռափեան
  -   Հասարակութիւն