Կգն-ն անհանգստացած է ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի գործելաոճով


Կգն-ն անհանգստացած է ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի գործելաոճով

  • 26-08-2011 13:52:34   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ի պատասխան ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի օգոստոսի 26-ի հաղորդագրութեան Գիտութեան եւ կրթութեան նախարարութիւնը նոյն օրը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասւում է. «Հետաքրքրութեամբ ընթերցեցինք ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի տարածած յայտարարութիւնը, ցաւով արձանագրելով իրականութեանը չհամապատասխանող, ոչ ճշգրիտ եւ ոչ պրոֆէսիոնալ որակումներ: Կրկին տեղեկացնում ենք` «Մաթեմատիկա» առարկայի 5-6-րդ դասարանների համար դասագրքերի մրցոյթի արդիւնքները չեն վիճարկուել: Գուցէ, ՄԻՊ գրասենեակը, խորամուխ չլինելով մրցոյթի ընթացակարգի եւ բովանդակութեան մէջ, նկատի է ունեցել «Հանրահաշիւ 7-9 դասարանների համար» դասագիրքը, որի մրցոյթում յաղթող է ճանաչուել Ռուսաստանի Դաշնութեան «Просвещение» հրատարակչութեան Ս.Մ.Նիկոլսկու դասագիրքը: Հեղինակը` ՌԴ Գիտութիւնների ակադեմիայի անդամ, Մ.Վ.Լոմոնոսովի անուան համալսարանի վաստակաւոր պրոֆէսոր Ս.Մ.Նիկոլսկին, բնականաբար չէր կարող լինել Հայաստանում դասագրքերի մրցութային յանձնաժողովի անդամ: Որպէս ՀՀ քաղաքացիներ, անհանգստութիւն ենք յայտնում ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի կողմից տրուող գնահատականների, հապճեպութեան եւ պակաս արհեստավարժութեան կապակցութեամբ: Կարծում ենք, նման գործելաոճի շարունակումը կարող է վտանգի տակ դնել մարդու իրաւունքների պաշտպանութեան ողջ ինստիտուտի կայացումը եւ զարգացումը մեր երկրում: ՄԻՊ գրասենեակը, կարծում ենք, պէտք է բարձրացնի մատուցուող ծառայութիւնների որակը, ինչը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից»:
  -   Հասարակութիւն