Աւելի ուսանելի է, երբ տետրի շապիկին ներկայացուած է մաշտոցեան այբուբենը


Աւելի ուսանելի է, երբ տետրի շապիկին ներկայացուած է մաշտոցեան այբուբենը

  • 01-09-2011 13:12:44   | Հայաստան  |  Հասարակութիւն
Նոր ուսումական տարուայ կապակցութեամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Երեւանի երկու տասնեակից աւել դպրոցի, այդ թւում` Երեւանի խօսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 յատուկ կրթահամալիրին նուիրաբերել է ընդհանուր առմամբ 40 000 տետր: Նման գեղեցիկ նախաձեռնութեամբ հանդէս է եկել Թեհրանի RAR ընկերութիւնը, որի տնօրէն Արին Քարիմեանն ուրախ է, որ ծնուեց երեւանեան դպրոցներին այս կերպ աջակցելու գաղափարը: Տետրերը Երեւանի N 8 կրթահամալիրում յանձնուեցին հանդիսաւոր պայմաններոում. արարողութեանը ներկայ էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրէն Արա Վարդանեանը, Երեւանի քաղաքապետարանի կրթութեան վարչութեան ղեկավար Գայիանէ Սողոմոնեանը, բարերար Արին Քարիմեանն իր տիկնոջ հետ եւ բազմաթիւ աշակերտներ, ծնողներ եւ մանկավարժներ: Հիմնադրամի կողմից գրադարանին նուիրաբերուեց նաեւ հինգ նկարազարդ գիտադարան: «Որոշեցինք ոչ միայն օգնել մեր դպրոցականներին, այլեւ այս ձեռնարկի օգնութեամբ վերադարձնել դպրոցական տետրերի նախկինում ընդունուած` դասական ոճը: Այսօր խանութներում հանդիպող ամենատարբեր նկարներով զարդարուած տետրերի շապիկները վայել չեն մեր դպրոցներին ու դպրոցականներին:Կարծում եմ, շատ աւելի գեղեցիկ եւ ուսանելի է, երբ տետրի շապիկին ներկայացուած է, օրինակ, մաշտոցեան այբուբենը»,- ասում է ընկերութեան տնօրէնը: Մէկ տարի էլ չկայ, որ N 8 դպրոցը տեղափոխուել է այս տարածք, եւ տնօրէնի խօսքով` խնդիրներն այնքան շատ են, որ ցանկացած օգնութիւն գնահատելի է իրենց համար: Տետրերը դպրոցներին են յանձնուել ուսումնական տարուայ նախօրէին: Արին Քարիմեանը համոզմունք յայտնեց, որ սա իրենց առաջին, բայց ոչ վերջին ձեռնարկն է, եւ այսօրինակ աջակցութիւնը շարունակական կը լինի: Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլոյ ծառայութան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրէն Արա Վարդանեանը խոստացաւ դպրոցին նուիրաբերել հինգ համակարգիչ: «Ուրախալի է, որ իրանահայ երիտասարդ գործարարների խումբը ցանկութիւն ունի աջակցել մեր դպրոցներին»,- ասում է Հիմնադրամի տնօրէն Արա Վարդանեանը: «Հաճելի է, որ ձեռնարկն իրականացնելու համար նրանք ընտրել են «Հայաստան» հիմնադրամին` որպէս միջնորդ կազմակերպութիւն: Յուսով եմ` գոհ կը մնան երկուստէք, թէ՛ դպրոցականները եւ՛ թէ RAR ընկերութիւնը»: Նուիրատուութիւն կարող էք կատարել` այցելելով donate.himnadram.org
  -   Հասարակութիւն