Աղէտի գօտում բնակարան ստանալու փաստաթղթերը պէտք է ներկայացուեն մինչեւ նոյեմբերի 1-ը


Աղէտի գօտում բնակարան ստանալու փաստաթղթերը պէտք է ներկայացուեն մինչեւ նոյեմբերի 1-ը

  • 15-09-2011 14:26:14   |   |  Հասարակութիւն
   ՀՀ կառավարութեան սեպտեմբերի 15-ի նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, աղէտի գօտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցութեամբ Գիւմրի քաղաքում եւ Ախուրեան համայնքում իրականացուող բնակարանային շինարարութեան ծրագրերով բնակարան ստանալու յաւակնող ընտանիքների կողմից նրանց ընտանիքի անդամների վերաբերեալ անհրաժեշտ փաստաթղթերով համալրուած փաթեթների վերջնաժամկէտ է սահմանել 2011 թ. նոյեմբերի 1-ը: Այս առնչութեամբ Տ.Սարգսեանն ասել է. «առաջին հերթին անհրաժեշտ է, որպէսզի մենք պատշաճ ձեւով իրազեկենք մեր բոլոր քաղաքացիներին, որ վերջնաժամկէտը նոյեմբերի 1-ն է: Նաեւ համայնքապետերը պէտք է տեղեակ լինեն, որ նոյեմբերի 1-ին արդէն ցուցակների ճշգրտման գործընթացն ամբողջութեամբ աւարտւում է: Մենք աղէտի գօտու վերականգնման աշխատանքների վերջին փուլն ենք իրականացնում, եւ սպառւում են այն միջոցները, որոնք ծրագրել էինք: Մեր ծրագիրը նախատեսուած էր շուրջ 7 հազար անօթեւան ընտանիքների բնակարաններով ապահովելու համար: Արդիւնքում ամբողջութեամբ կատարում ենք մեր պարտաւորութիւններն անօթեւանների, մասնաւորապէս, այն ընտանիքների նկատմամբ, որոնք համապատասխանում են այն չափանիշներին, որոնք սահմանուած էին մեր կողմից: Մենք շատ քաջ գիտակցում ենք, որ այդ ցուցակների ճշգրտումը բաւական բարդ գործընթաց է եւ պայմանաւորուած է այն հանգամանքով, որ իրականում աղէտի հետեւանքով անօթեւան դարձածները եւ սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքները փորձում են այս ծրագրից օգտուել, եւ շատ դժուար է այդ տարանջատումն իրականացնել, որովհետեւ շատ յաճախ իսկապէս սոցիալապէս անապահով ընտանիքներ նոյնպէս ցանկութիւն ունեն օգտուել ծրագրից, բայց օբյեկտիւ չափանիշները, որոնք դրուած են ծրագրի հիմքում, թոյլ չեն տալիս այդ: Դրա համար ունենք սոցիալական այլ ծրագրեր, եւ երէկ քաղաքաշինութեան նախարարը նաեւ Ազգային ժողովում յայտարարեց, որ նախարարական կոմիտէում քննարկուել է բազմաբնակարան շէնքերի հիմնախնդիրը: Հայաստանում ունենք 21 հազարից աւելի բազմաբնակարան շէնք, եւ, ցաւօք, դրանց զգալի մասը «խրուշչովեանէ տարիներին կառուցուած շէնքերն են, որոնց ֆիզիկական մաշուածութեան աստիճանը բաւական բարձր է, եւ դրանք վթարային դառնալու լուրջ խնդիր ունեն: Այդ պատճառով, աւարտելով այս ծրագիրը, 2012 թ. արդէն պէտք է ձեռնամուխ լինենք նորի իրականացմանը: Հայեցակարգը հաւանութիւն է ստացել նախարարական կոմիտէում, հանրային քննարկում կը կազմակերպենք, եւ արդէն պարտաւոր ենք լինելու ամէն տարի գումար յատկացնել բազմաբնակարան շէնքերի խնդիրները լուծելու համար: Միջազգային փորձագէտներ են աշխատել այս փաստաթղթի վրայ, տուել են իրենց եզրակացութիւնները, թէ ինչպիսին է այսօր աշխարհի լաւագոյն փորձը, եւ բոլոր հնարաւոր գործիքները պէտք է օգտագործենք այս խնդիրը լուծելու համար: Սոցիալապէս անպահով ընտանիքները նոյնպէս պէտք է իմանան, որ մենք այս փուլում լուծեցինք անօթեւանների խնդիրը, բայց երկրորդ փուլում, բնականաբար, ուշադրութեան կենտրոնում յայտնուելու են առաջին հերթին սոցիալապէս անապահով ընտանիքները, որոնք ունեն այդպիսի խնդիրներ: Հիմա մենք մեր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 1-ը փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկէտն էէ:    
  -   Հասարակութիւն