1871 թ. հունվարի 10-ին ծնվել է նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը


1871 թ. հունվարի 10-ին ծնվել է նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը

  • -- ::   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր


Նիկողայոս Ադոնցը (Տեր-Ավետիքյան) ծնվել է 1871թ. հունվարի 10-ին Հայաստանի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում (Սիսիան): Սովորել է Տաթեւի ծխական դպրոցում, Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, այնուհետեւ` 1892-94թթ. Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: 1899թ. Նիկողայոս Ադոնցը ոսկե պարգեւանշանով ավարտել է Պետերբուրգի համալսարանի արեւելյան լեզուների եւ պատմաբանասիրական ֆակուլտետները: Աշակերտել է Նիկողայոս Մառին: 1899-1901թթ. Եվրոպայում (Մյունխեն, Փարիզ, Լոնդոն, Վենետիկ) խորացել է բյուզանդագիտության մեջ: 1903-ին եկել է Կովկաս, Թիֆլիսում ուսումնասիրել վրացերեն, աշխատել է Էջմիածնի Մատենադարանում: Այդ տարիներին Ադոնցը գրել է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908թ. ռուսերեն) մագիստրոսական դիսերտացիան, որը պաշտպանել է 1909-ին եւ դարձել Պետերբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ: 1916-ին «Դիոնիսիոս Թրակացին եւ հայ մեկնիչները» (1915թ. ռուսերեն) աշխատության համար նույն համալսարանում

արժանացել է բանասիրության դոկտորի աստիճանի եւ ստացել պրոֆեսորի կոչում: 1916-ին եղել է Էջմիածնում, Մուշում, Էրզրումում, մասնակցել Վանի հնագիտական արշավախմբին: 1917թ. ընտրվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու եւ պրոֆեսոր: 1920թ. մեկնել է Լոնդոն, ապա` Փարիզ: 1930-ին հրավիրվել է դասախոսելու Բրյուսելի համալսարանում եւ ղեկավարել նոր կազմակերպված հայագիտական ամբիոնը: «Բյուզանդիոն» հանդեսում եւ այլուր լույս են տեսել նրա արտասահմանյան տարիների լավագույն աշխատությունները: Ադոնցը մահացել է 1942թ. հունվարի 27-ին, Բրյուսելում: Նրա ձեռագրերը հանձնվել են Փարիզի Նուպարյան մատենադարարնին, իսկ գրքերը` Բրյուսելի հայ գաղութին:

Ադոնցը թողել է շուրջ 80 հայերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուներով գրված արժեքավոր գիտական աշխատություններ` նվիրված գլխավորապես հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին, հայ-հունական բանասիրությանը, առասպելաբանությանը, կրոնին, լեզվաբանությանը: Դրանք մեծ մասամբ կարճ, մենագրական բնույթի ուսումնասիրություններ են: «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» աշխատությունը 20-րդ դարի հայագիտության խոշոր նվաճումներից է: Այնտեղ մանրամասնորեն ուսումնասիրված են Հայաստանի պատմա-աշխարհագրական եւ հասարակական-քաղաքական
կառուցվածքի, հայ-բյուզանդական հարաբերությունների, նախարարական տոհմերի հետ կապված խնդիրները, առաջին անգամ գիտական վերլուծության է ենթարկված հայ ֆեոդալիզմի եւ հայ գյուղացիության մի շարք հարցեր:

«Մաշտոցը եւ նրա աշակերտները ըստ օտար աղբյուրների» (1925թ.) աշխատության մեջ Ադոնցը ցույց է տվել հայ գրերի ստեղծման պատմական իրադրությունը` մաշտոցյան գրերի ստեղծումը դնելով 382-392-ի միջեւ: Ադոնցը ձեռնարկել է գրել հայ ժողովրդի ամբողջական պատմությունը, որի առաջին հատորը (հնագույն շրջան) լույս է տեսել ֆրանսերեն եւ հայերեն (1946, 1972): Ուշագրավ են Բրոքհաուզի եւ Էֆրոնի հանրագիտարանում Հայաստանի մասին Ադոնցի հոդվածները: Նա նաեւ հմուտ գրականագետ էր, գրել է մի շարք հոդվածներ, 1903-1904 թթ. Պետերբուրգում խմբագրել է «Բանբեր գրականության եւ արվեստի» պարբերականը:


 

Նոյյան տապան   -   Ծննդյան տարեդարձեր