Ամփոփում՝ «Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագրի


Ամփոփում՝ «Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագրի

  • 13-11-2015 12:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Նոյեմբերի 13-ին, ուրբաթ, ժամը 12-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մեծ դահլիճում (Աբովյան 50/5) տեղի կունենա «Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագրի ամփոփումը, որի ժամանակ էլ տեղի կունենա ծրագրի շրջանակում նկարահանված 2 րոպե տևողությամբ էկոզբոսաշրջային երթուղիների մասին գովազդային տեսահոլովակների ու ֆիլմերի առաջնադիտումը: Միջոցառմանը ներկա կգտնվեն ծրագրի կազմակերպիչները, մասնակիցները և փորձագետները:
 
«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագիրը անցկացվեց 2015թ օգոստոսի 1-ից նոյեմբերի 13-ը Երևանում, «Արփի լիճ» ազգային պարկում, «Սոսու պուրակ» արգելավայրում, «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում, Գոմքում և Հանքավանի արգելավայրերում: Արդյունքում նկարահանված տեսանյութերը անվճար կտրամադրվեն էկոզբոսաշրջային կազմակերպություններին` նշված ուղղություններով այցերն ակտիվացնելու համար:
 
Նախընտրական փուլի արդյունքում ընտրված 36 մասնակիցները հնարավորություն ստացան ներկա գտնվելու էկոզբոսաշրջության և ֆիլմ նկարահանելու հմտություների վերաբերյալ դասերին, որոնց ավարտին ստեղծվեցին աշխատանքային խմբեր: Վերջիններս բնության հատուկ պահպանությամբ տարածքներում հավաքագրեցին տեղեկություններ էկոզբոսաշրջային ներուժի, կենսաբազմազանության, բնության և մշակութային հուշարձանների, շրջակա համայնքների վերաբերյալ: Ծրագրի մասնակիցներն այցերի ընթացքում հնարավորություն ունեցան նաև գործնականում կիրառելու կինոստեղծման և կենսաբազմազանության դասընթացների ժամանակ ստացած տեսական գիտելիքները:
 
Նկարահանման աշխատանքների ավարտից հետո մասնակիցների ներգրավմամբ հավաքագրված տեղեկությունները մշակվեցին և տեսանկարահանված նյութերը մոնտաժվեցին:
 
«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագիրն իրականացնում է «Դոկտոր սինեմա» երիտասրադական ՀԿ-ն` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա», «Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում» ՀԿ-ների հետ համագործակցությամբ և ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում:
 
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել` 055511199, ԴոՍ ԵՀԿ:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն