Դաշնակահարուհի Լուսինե Խաչիկյանի մենահամերգը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
25-06-2019 20:00:00 | Հայաստան | Համերգ
Հունիսի 25-ին, ժամը 20:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա դաշնակահարուհի Լուսինե Խաչիկյանի մենահամերգը:
Դաշնակահարուհու համերագաշարը կազմակերպում է Armenian National Music ընկերությունը։ Մինչ այս՝ Լուսինե Խաչիկյանը հունիսի 21-ին հաջողությամբ ելույթ է ունեցել Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի, հունիսի 23-ին՝ Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում:
Մենահամերգի ընթացքում կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների, այդ թվում՝ Արթուր Ավանեսովի, Արամ Հովհաննիսյանի, Էլեն Յոլչյանի, Արսեն Բաբաջանյանի և Արթուր Աքշելյանի ստեղծագործությունները՝ գրված մենանվագ դաշնամուրի համար։ Համերգին ներկա կլինեն կատարվող ստեղծագործությունների հեղինակները, երաժշտարվեստի անվանի ներկայացուցիչներ և այլք: Համերգը վարելու է երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը:
Լուսինե Խաչիկյանն ակտիվորեն մասնակցում է հայ ժամանակակից ակադեմիական երաժշտության տարբեր միջոցառումների, այդ թվում՝ ՀՀ կոմպոզիտորների միության կազմակերպած համերգներին` գարնանային և աշնանային համերգաշարերին, Երևանում, Սևանում, Ստեփանակերտում անցկացվող Տերտերյան ֆեստին, ինչպես նաև տարաբնույթ համերգային երեկոներին՝ պրոպագանդելով հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։