Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ) (5-րդ հարկ, Small Auditorium),
փետրվարի 22, 2020, ժամը՝ 13:45
Փետրվարի 22-ին ՀԱՀ-ում տեղի կունենա Քիմիկոսների ուսանողական մրցաշարը, որն «Այբ» կրթական հիմնադրամի առաջին ծրագիրն է՝ ուղղված բարձրագույն կրթության ոլորտում տաղանդավոր երիտասարդների բացահայտմանը: Առաջին անգամ անցկացվող այս մրցույթին մասնակցում են 5 թիմեր, որոնք ներկայացնում են Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Հայ-Ռուսական համալսարանը:
Մրցաշարի եզրափակիչ փուլին ներկա կլինեն «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը, «Կոնվերս բանկի» ներկայացուցիչներ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչներ, մրցաշարին մասնակցող համալսարանների դեկաններ և ամբիոնների վարիչներ, ժյուրիի անդամներ, որոնք հանդիսանում են ոլորտի ամենահայտնի մասնագետներից: Մրցաշարին ներկա կլինեն քիմիայի ոլորտում գործող ընկերությունների, դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներ. մրցաշարը նպատակ ունի նաև ընդլայնել ուսանողների ներգրավվածությունը գիտարտադրական գործունեության մեջ և նպաստել նրանց ներգրավումը մասնագիտական, հետազոտական աշխատանքներում:
Մրցաշարի գործընկերն է «Կոնվերս բանկը»:
Հրավիրում ենք լրատվամիջոցներին լուսաբանելու քիմիայի և գիտության զարգացմանն ուղղված այս միջոցառումը և նպաստելու քիմիայի նկատմամբ հանրության հետաքրքրության բարձրացմանը:
Քիմիկոսների ուսանողական մրցաշարի մասին
Քիմիայի ուսանողական համահայկական բաց մրցաշարը 2010 թ.-ից դպրոցականների համար կազմակերպվող Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի (ՊՔՀՄ) տրամաբանական շարունակությունն է։ Քիմիկոսների ուսանողական մրցաշարը թիմային մրցույթ է, որտեղ բակալավրիատի և մագիստրատուրայի՝ քիմիայով հետաքրքրվող ուսանողները դրսևորեցին բարդ քիմիական խնդիրներ լուծելու, լուծումները համոզիչ ձևով ներկայացնելու, գիտական քննարկումներ վարելու իրենց ունակություններն ու հմտությունները: Մրցաշարի կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: