Գարնանային համերգաշարի բացումը՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգով


Գարնանային համերգաշարի բացումը՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգով

  • 03-03-2021 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

 
 
 
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում է անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը, որով ազդարարվելու է գարնանային համերգաշրջանի բացումը։ Այն կայանալու է մարտի 3-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգին կհնչեն Ֆ. Շոպենի, Ռ. Շումանի, Ֆ. Լիստի, Պ. Ի. Չայկովսկու և Ռ. Վագների ստեղծագործությունները:
 
«Անչափ ուրախ եմ այս անգամ ելույթ ունենալ մի ծրագրով, որը կատարելու եմ սիրելի ուսուցչիս՝ պրոֆեսոր, դաշնակահար Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին. այս տարի նա կդառնար 70 տարեկան: Ի դեպ, ծրագրում ներառել եմ բացառապես ռոմանտիկ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց վրա դեռ տարիներ առաջ աշխատել եմ ուսուցչիս հետ։ Նաև մեծ ուրախությամբ եմ փաստում իմ վերադարձը այս գեղեցիկ համերգասրահ: Նախկինում զրկված ենք եղել պատշաճ գործիքի առկայությունից, այդ իսկ պատճառով արդեն բազում տարիներ այս դահլիճում հանդես չեմ եկել։ Սա ինձ համար խորհրդանշական և պատասխանատու համերգ է»,- նշում է Հայկ Մելիքյանը:
 
«Շատ գովելի է, որ երկար սպասված Yamaha մակնիշի համերգային դաշնամուրը վերջապես հանգրվանեց Կամերային երաժշտության տանը, և այսուհետ դաշնամուրային երեկոները հավուր պատշաճի կկազմակերպվեն՝ ի բարօրություն թե՛ կատարողի, թե՛ ունկնդրի: Որպես մենեջեր սա ինձ համար անչափ կարևոր խնդիր էր, որի լուծման համար, իհարկե, շնորհակալ ենք Ճապոնիայի կառավարությանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Ջուն Յամադային»,- նշում է դաշնակահարի պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը:
 
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
Նոյյան տապան   -   Համերգ