ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը կմասնակցի Skill ընկերության նախաձեռնությամբ իրականացվող Երևան Թեք Ֆորում 2022 միջոցառմանը, որը տեղի կունենա մայիսի 21-ին, Գ . Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Միջոցառման մասնակիցների գրանցումը՝ ժամը 10:00-ից, պաշտոնական բացումը՝ ժամը 11:00-ին:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է Yerevan Tech Forum 2022-ի պաշտոնական գործընկերը:
Երևան Թեք Ֆորում 2022-ի ընթացքում տեղի կունենան քննարկումներ և ելութներ «Տեխնոլոգիաները փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հնարավորություններ», «Կորպորատիվ կառավարումն անընդհատ փոփոխվող միջավայրում», «Բիզնես գործընթացների փոխակերպումն անցումային ժամանակաշրջանում», «Մարքեթինգը՝ գլոբալ փոփոխությունների պայմաններում», «Մատակարարման շղթաների թվային փոխակերպումը», «Անվտանգությունը՝ ցանցային աշխարհում» թեմաներով։
Ֆորումի շրջանակում կանցկացվեն նաև պանելային քննարկումներ:
«Ստարտափ էկոհամակարգի ապագան և ներդրումների ներգրավումը տուրբուլենտության պայմաններում» պանելային քննարկմանը որպես խոսնակ հանդես կգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։
Միջոցառմանը կմասնակցեն 25-ից ավելի տեղական ու միջազգային խոսնակներ, 30-ից ավելի ընկերություններ, 1000-ից ավելի մասնակիցներ։