Միջոցառում նվիրված Եղիշե Չարենցի տուն- թանգարանի բացման 50-ամյակին
09-07-2025 18:00:00 | Հայաստան | Իրադարձություն
Հուլիսի 9-ին, ժամը 18:00-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կկայանա միջոցառում՝ նվիրված թանգարանի բացման 50-ամյակին։
Երեկոյի շրջանակում կներկայանա ժամանակակից դասական կիթառի ամենանշանավոր դուետներից Eden-Stell Guitar Duo-ն, որը հանդիսատեսին կներկայացնի իր նոր CD ալբոմը։ Այս ձայնասկավառակը ոչ միայն առաջին դասական կիթառային դուետային ալբոմն է օտարերկրյա արտիստների կողմից, որը հիմնված է հայկական երաժշտության ու պոեզիայի վրա, այլև կարևոր քայլ է դեպի Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային տարածում։
Միջոցառման ընթացքում կհնչեն Սարաջյանի, Սթելի և Բաբաջանյանի ստեղծագործությունները։
«Ուրախալի է, որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի բացման հոբելյանը նշանավորվում է նաև այսօրինակ միջոցառմամբ, որի առանցքում համագործակցության շարունակականության ապահովումն է թանգարանի և միջազգային տարբեր հարթակների միջև»,-նշում է թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։
Eden Stell Guitar Duo-ն ելույթ է ունեցել բազմաթիվ հեղինակավոր բեմերում և փառատոններում ամբողջ աշխարհում՝ Գերմանիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Բելգիա, Ավստրիա, Շվեդիա, Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Ռումինիա, Թուրքիա, ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, ինչպես նաև Հարավային ու Կենտրոնական Ամերիկա և Ավստրալիա։
Նրանց միջազգային շրջագայությունները ներառում են ելույթներ Guitar Foundation of America-ի Omni սերիայի, Կանադայի Alla Grande փառատոնի, ինչպես նաև հեղինակավոր դահլիճներում՝ Բեթհովենի սրահում (Բոնն), Շտուտգարտի Liederhalle, Գեյթսհեդի Sage, Ուպսալայի կոնգրեսների սրահ, Նյու Յորքի 92nd Street Y, Լոնդոնի Wigmore Hall, Purcell Room և Kings Place։ Դուետի անդամները նաև VIDA Guitar Quartet-ի հիմնադիր անդամներն են, որն այժմ համարվում է աշխարհի ամենահայտնի դասական կիթառային քառյակներից մեկը։