Կայացավ Վահե Գաբրիելյանի «Արցախ` Ղարաբաղի ժողովուրդն ու հողը» գրքի շնորհանդեսը


Կայացավ Վահե Գաբրիելյանի «Արցախ` Ղարաբաղի ժողովուրդն ու հողը» գրքի շնորհանդեսը

  • 08-11-2011 16:15:29   | Հայաստան  |  Նոր գրքեր
Նոյեմբերի 7-ին Մոսկվայի տան ցուցասրահում տեղի ունեցավ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանի ARTSAKH: the people and land of KARABAKH («Արցախ` Ղարաբաղի ժողովուրդն ու հողը») անգլերեն գրքի շնորհանդեսը եւ գրքում ներկայացված հեղինակային լուսանկարների ընտրանու ցուցահանդեսի բացումը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԱԺ բարձրաստիճան ղեկավարներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, սփյուռքահայ հյուրեր, արվեստասերներ, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Իր խոսքում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց թե’ գրքի գեղարվեստական արժանիքները, թե’ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդրի` ԼՂ հիմնահարցի մասին իրազեկության բարձրացման գործում գրքից ակնկալվող ներդրումը: Նախարար Նալբանդյանի խսքով գիրքը նաեւ Արցախ այցելելու յուրատեսակ հրավեր է: Դեսպան Վահե Գաբրիելյանը նշեց, որ գիրքը ստեղծվել է Հայաստանի եւ մասնավորապես Արցախի մասին օտար լեզվով ներկայանալի գրականության պակասի գիտակցումից եւ դրա հիմնական նպատակը Արցախի հրաշագեղ բնության, ճարտարապետական գլուխգործոցների եւ հուշարձանների պատշաճ ներկայացման միջոցով երկրի վրա ուշադրություն հրավիրելն է եւ այդ բնագավառում տեղեկատվական բացի լրացումը: Գրքում յոթ հարյուրից ավելի հեղինակային լուսանկարներով ներկայացված են Արցախի ամրոցները, միջնադարյան կամուրջները, վանքերն ու եկեղեցիները, քաղաքներն ու գյուղերը, մելիքական ապարանքները, հուշահամալիրները, թանգարանները եւ դրոշմանիշները, անդրադարձ է կատարված միջնադարյան մանրանկարչությանը եւ գորգարվեստին: Լուսանկարներն ուղեկցվում են համառոտ բացատրություններով: Արցախի բնության համայնապատկերները եւ ճարտարապետական գլուխգործոցների նմուշները լուսանկարված են տարվա տարբեր եղանակներին, այդ թվում նաեւ` ուղղաթիռից: Պատմական եւ ժամանակակից քարտեզներով փաստարկած տեքստային մասով տրված է նաեւ Արցախի վերաբերյալ պատմական ակնարկ՝ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցահանդեսը, որը 2009թ. «Բրիտանիա» ցուցահանդեսից հետո Վահե Գաբրիելյանի լուսանկարների երկրորդ անհատական ցուցադրումն է, կգործի մեկ շաբաթ: Նախատեսվում է այն ցուցադրել նաեւ Արցախում:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր