ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանում զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության վերաբերյալ ժողովածուի հրատարակմանը


ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանում զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության վերաբերյալ ժողովածուի հրատարակմանը

  • 14-11-2011 14:00:44   | Հայաստան  |  Նոր գրքեր
Նոյեմբերի 14-ին Երեւանում հանրությանը ներկայացվեց անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների վերաբերյալ ԵԱՀԿ վարքագծի կանոնագրքին նվիրված հոդվածների ժողովածուն, որում նաեւ ամփոփված են կանոնագրքի պատմությունն ու քաղաքական համատեքստը, կանոնագրքի իրականացման փորձը Հայաստանում եւ այլ երկրներում: Ժողովածուն ներկայացնում է անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ամբողջական պատկերը` ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ինչպես նաեւ այլ հաստատությունների, այդ թվում` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Երեւանի պետական համալսարանի փորձագետների տեսանկյունից: ժողովածուն լույս է տեսել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների վերաբերյալ ԵԱՀԿ վարքագծի կանոնագիրքը անվտանգության համաշխարհային մարտահրավերները լուծելու ԵԱՀԿ հիմնական մեխանիզմներից մեկն է: Այն ընդունվել է 1994թ. եւ շարունակում է մնալ եզակի փաստաթուղթ, որի նպատակն է կարգավորել զինված ուժերի դերը ժողովրդավարական հասարակություններում: Այն նաեւ պարտավորեցնում է ԵԱՀԿ մասնակից պետություններին` մշակելու իրենց զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության համապարփակ մեխանիզմ` ներառյալ ռազմական, ռազմականացված եւ անվտանգության ուժերի, հետախուզական ծառայությունների եւ ոստիկանության համակարգերի: <<Առանց արդյունավետ ժողովրդավարական քաղաքացիական վերահսկողության եւ անվտանգության ոլորտի ինստիտուտների կառավարման, չի կարող լինել անվտանգության բնագավառում էական առաջընթաց>>, - ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն. <<Հուսով եմ, որ այս նոր հրատարակությունը կբարձրացնի քաղաքացիական հասարակության, գիտնականների եւ քաղաքականություն մշակողների հետաքրքրությունը անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության տարբեր համակարգերի եւ վերահսկողության մարմինների գործունեության մեխանիզմների նկատմամբ` միջազգային եւ հայաստանյան տեսանկյուններից>>: «Ժողովածուի մշակման գաղափարը ծագել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ-ի գործնական շփումների ընթացքում», - նշեց ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ-ի “Հայկական բանակ” ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ Վարուժան Ավետիսյանը: «Ժողովածուն համահունչ է ՀՀ-ում իրագործվող պաշտպանական բարեփոխումների նպատակներին եւ ռազմական ոլորտում ժողովրդավարության հզորացման գործընթացին: Ժողովածուի մեջ ներառված մշակումներում ժողովրդավարական արժեհամակարգի եւ ժամանակակից իրավական պարամետրների տեսակետից վերլուծության եւ վերաիմաստավորման են ենթարկվում ՀՀ զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության, պաշտպանական ոլորտի կառավարման, ֆինանսական, տեղեկատվական եւ այլ համակարգերը, ներկայացվում են դրանց հայեցակարգային, օրենսդրական եւ կազմակերպական կատարելագործման վերաբերյալ համալիր առաջարկություններ»: Ժողովածուի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է` http://www.osce.org/hy/yerevan/84944 Հավելյալ տեղեկատվության համար դիմել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամուլի եւ հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին, 229610/11/12, ներք. 5406, բջջ. 091436389:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր