ԽՄԲ. «Նոր ՅԱՌԱՋ»ի.− Մեր ընթերցողներուն կը ներկայացնենք հայ մեծանուն գրող Կոստան Զարեանի մասին յուշագրութիւնը՝ գրի առնուած բանասէր−լրագրող Սեդա Անանեանի կողմէ։
Վերջինս 1966−67ին աշխատած է անուանի գրողին հետ, որպէս անոր օգնական−քարտուղարուհին։ Այդ տարիներուն (1964−69), Անանեան միաժամանակ աշխատած է Գիտութիւններու Ակադեմիայի Արուեստի Ինստիտուտին մէջ, ուսումնասիրութեան նիւթ ունենալով «Սփիւռքահայ մշակոյթի սկզբնաւորումը», իսկ 1970−86 ժամանակաշրջանին, Հայկական Հանրագիտարանի Արուեստի եւ ճարտարապետութեան բաժնին մէջ, որպէս գիտական աւագ խմբագիր։
Հանրագիտարանի հատորներուն մէջ, ինչպէս նաեւ հայրենիքի եւ Սփիւռքի զանազան հանդէսներու մէջ լոյս տեսած են Սեդա Յարութիւնեան−Անանեանի շարք մը յօդուածները՝ հայ մշակոյթի եւ անոր գործիչներուն մասին։ Ան, 1986էն ի վեր կը բնակի Ֆրանսա։
Հայ մեծատաղանդ գրող, բանաստեղծ, արուեստաբան-փիլիսոփայ Կոստան Զարեանի հետ իմ առաջին անտես հանդիպումը եղել է 1965ին, կարդալով նրա «Անցորդը եւ իր ճամբան» վէպը «Հայրենիք» ամսագրում:
Ինչպէս յայտնի է, մինչ 60ականները Խորհրդային Հայաստանում ոչ միայն սփիւռքահայ մամուլը («Բազմավէպ», «Հանդէս Ամսօրեայ», «Հայրենիք», «Անահիտ», «Յառաջ», «Ապագայ», «Ամէնուն Տարեցոյց» եւլն.) այլեւ կովկասահայ «Մշակ», «Գեղարուեստ», «Մուրճ» եւլն., անմատչելի ու արգելուած էին հասարակութեանը, փակ-
ւած՝ Երեւանի Հանրային գրադարանում: Իսկ աւելի ուշ, մատչելի՝ միայն «յատուկ» գրութեամբ:
1965-85ին աշխատանքի բերումով բարեբախտաբար ես ունեցայ նման թոյլտւութիւն, նախ Գիտութիւնների Ակադեմիայի Արուեստի Ինստիտուտից՝ կազմելու սփիւռքահայ արուեստի տարեգրութիւն, ապա՝ Հայկական Հանրագիտարանից՝ իբրեւ Արուեստի եւ ճարտարապետութեան գիտական խմբագիր:
Դա խիստ աշխատատար, բայց գրաւիչ աշխատանք էր, քանի որ հնարաւորութիւն ունէի ժամանակի «սոցիալիստական ռէալիզմ»ի անկոնֆլիկտ ու միապաղաղ գրականութիւնից զատ վերջապէս կարդալու «արգելուած» հայ հեղինակներին:
Հանրային գրադարանի «Յատուկ բաժնի» փոքր ընթերցասրահում շատ մարդ չէր լինում, որ այլեւս դառնալու էր իմ ամենօրեայ աշխատավայրը, իսկ աշխատակիցները իրենց բնաւ էլ «յատուկ» չէին պահում: Բաժնի վարիչն էր Գուրգէն անունով շատ բարի մի մարդ, որին աշխատակիցները մեղմօրէն «կոլոտ Գուրգէն» էին անուանում:
Ի դէպ այդ գրադարանում խստագոյն կարգ ու կանոն էր պահպանուած: Արժէ յիշել, քանի դա սկսւում էր շէնքի մուտքից իսկ: Գեղեցիկ նախասրահը (այդ կառոյցը Ալեքսանդր Թամանեանի սքանչելի գործերից է) ամենայն դաժանութեամբ հսկում էր Նիկոլը: Փոքրամարմին, շարժուն այդ մարդուկը մշտապէս կրում էր մուգ կանաչ տարօրինակ համազգեստ. եւ ինչպէս ասում են «օձն իր պորտով, ղուշն իր թեւով» չէր կարող գրադարան թափանցել առանց տոմսի:
Գրադարանի հնագոյն աշխատակիցներից մէկը մի օր շշուկով ասաց, որ Նիկոլը ՔԱ.ԿԷ.ՊԷ.ում ժամանակին եղել է մահուան դատապարտուածների իրացնողը եւ մինչեւ օրս հաւատարմօրէն կրում է ՔԱ.ԿԷ.ՊԷ.ի նոյն համազգեստը:
***
Այսպէս, Գրադարանում բուն անելիքս թողած, երբ կարդացի Զարեանի «Անցորդ»ի հերթական՝ «Լենինը մեռել
ա» գլուխը, հիացմանս հետ մտածեցի. չլինի՞ թէ այս իրաւունքը հաւանաբար տուել են ինձ ստուգելու համար (մարդկանց բնութագրերում պարտադիր երկու կէտ էր նշւում, ռուսերէնով. 1. բարոյապէս՝ հաստատուն է, 2. քաղաքականապէս՝ վստահելի): Իսկ Զարեանը խօսում էր Լենինի մասին, իմ ընտանիքի եւ իմ սրտից: Ահաւասիկ.
«Բարձրագոյն հրամանով, Լենինի յուղարկաւորութիւնը պիտի կատարուի բոլոր քաղաքներում եւ գիւղերում նոյն ժամին։
Ժամը չորս ու կէսին գործարանները, Միութեան երկըրներում եւ դուրսը, պիտի սուլեն նոյն ժամին։
50.000 կարմիր դագաղներ պիտի անցնեն թնդանօթներով շրջապատուած։ Զօրքերը պիտի կրակեն, եւ բորոզաները ձայնեն։
Աբովեան փողոցի վերի կողմից պարապ դագաղը երերում է կոմիսարների ուսերի վրայ։
…Իսկ Արարատը պայծառ է եւ անտարբեր…
Լենինը մեռել…»:
Այս տարիներին ճիշդ է, Ստալինը քննադատւում էր, բայց Լենինը մնում էր «անձեռնմխելի», ո՞վ կարող էր համարձակուել…
Այդ օրը ընդմիջման ժամին փակեցի «Հայրենիք»ը եւ թղթերիս տակ դնելով մտահոգ դուրս եկայ նախաճաշի: Նախասենեակում աշխատակիցներ Մարգօն եւ Քնարիկը անհոգ իրենց նախաճաշն էին անում, նոյնիսկ ինձ հրաւիրելով մասնակցել: Ես շնորհակալութիւն յայտնեցի եւ հանգիստ բուֆէտ իջայ:
Արուեստի Ինստիտուտում իմ աշխատանքի առաջին տարիներն էին, որ ուշի-ուշով կազմում էի պահանջուած նիւթերի ցանկը «արգելուած» մամուլից, ի թիւս նաեւ «Հայրենիք»ի, որտեղ հանդիպեցի Կոստան Զարեանի նաե՛ւ արուեստաբանական յօդուածներին.
- Ե. Վախտանգեանը եւ իր թատերական ստուդիան:
- Հայաստանի նկարիչները:
- Բիւզանդագէտների համագումարը եւ Հայերը, եւլն.:
1927ին լոյս տեսած այս յօդուածներից ինձ առանձնապէս հետաքրքրեց Վախտանգովը (1883-1922): Զարեանի կենսագրութեանը դեռ անծանօթ, մտածեցի՝ Պոսթընի «Հայրենիք»ն ո՜ւր, ռուսահայ Վախտանգովն ո՛ւր…
Բուն նիւթից եւս շեղուելով, նշենք, որ յիշեալ մոսկովեան թատրոն-ստուդիայի հիմնադիրն ու ղեկավարն է եղել Ստանիսլաւսկու աշակերտ ու հետեւորդ հայազգի Եւգենի Վախտանգովը: Ստուդիան յետագայում կոչուեց «Վախտանգովի անուան թատրոն», որտեղ աշխատել ու նրանից յետոյ ղեկավարել են ռուս թատրոնի (նոյնպէս հայազգի) անուանի գործիչներ, դերասան-բեմադիրներ Նիկիտա Բալիեւը (Մկրտիչ Բալեան), Նիկոլայ Տարասովը (Թորոսեան), հայր եւ որդի Ռուբէն եւ Եւգենի Սիմինովները (Սիմոնեան), բեմանկարիչ, արուեստի տեսաբան Գէորգի Եակուլովը եւ ուրիշներ:
Շեղուեցի, ասելու, որ Զարեանի անունը այդ ժամանակ տպաւորուեց իմ մէջ ոչ միայն իբրեւ ինքնատիպ, բազմաշերտ ու համարձակ գրող, այլեւ՝ հետաքրքիր արուեստաբան:
Ուրիշ խօսք, որ «Հայրենիք»ը (օրաթերթ, թէ ամսագիր), որպէս «արգելուած պտուղ», ինձ ստիպում էր գրադարանում մնալ մինչ ուշ ժամեր, «յայտնագործելու» մինչ այդ բանաւոր լսածս հայ հեղինակներին:
(Շար. 1)
«Նոր Յառաջ»