Նոր հրատարակություն. «Կառուցեալ հաւատով»


Նոր հրատարակություն. «Կառուցեալ հաւատով»

  • 18-11-2011 06:09:42   | Հայաստան  |  Նոր գրքեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչությունը լույս է ընծայել Դավիթ Քերթմենճյանի «Համադրական ուսումնասիրություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառուցապատման Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին ¥1999-2011թթ.¤» աշխատությունը: «Կառուցյալ հավատով» ընդհանուր վերնագրի ներքո ուսումնասիրությունը հրատարակության է հանձնվել Գերագույն Հոգեւոր Խորհրդի կողմից: Գրքի սկզբում զետեղված է Գերագույն Հոգեւոր Խորհրդի խոսքը հրատարակության առիթով, որտեղ ի մասնավորի նշվում է. «...Անցած տասն եւ ավելի տարիների ընթացքում բազմափորձ, անհոգնաբեկ, լուսամիտ ու ազգանվեր Հայոց Հայրապետը դժվարությունների հաղթահարումով, իր կազմակերպչական տաղանդի, մեծ իմացականության եւ եռանդագին ջանքերի գործադրումով բեղուն արգասիքներ բերեց Մայր Աթոռի եւ Հայ Եկեղեցու հոգեւոր-ազգային, կրթական, եկեղեցականաց նոր սերնդի պատրաստման եւ հոգեւորականների ծառայության արդյունավորման, եկեղեցաշինական, դպրոցաշինական լայնահուն առաքելության մեջ, որի լիարժեք իրագործումը արգելվում էր խորհրդային իշխանության ավելի քան յոթանասուն տարիներին: Ամենայն Հայոց ազգընտիր Հովվապետը եռանդուն իր գործունեությամբ մեր եկեղեցական պատմության մեջ լուսավոր նոր դարագլուխ բացեց»: Գրքի առաջին մասում հեղինակն անդրադարձ է կատարում մինչեւ Վեհափառ Հայրապետի գահակալությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրականացված կառուցապատման գործերին: Երկրորդ հատվածը ներկայացնում է Նորին Սրբության գահակալության շրջանում կատարված իրագործումները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց եկեղեցիները, ապա նորակառույց եկեղեցական, կրթական, վարչահասարակական, մշակութային շենքերը, պատմական կառույցների նորոգությունները, ինչպես նաեւ Մայր Աթոռի ճարտարապետական միջավայրի տարածական կազմակերպումն ու օժանդակ կառույցները: Գրքի վերջին` երրորդ բաժնում ներկայացված են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ նշանավոր եկեղեցական կենտրոնների ու համալիրների զուգահեռները:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր