ՍԵԴԱ ԱՆԱՆԵԱՆ
Սեպտեմբերի առաջին օրերից սկսեցի «քարտուղար»ի (ինչպէս ինքն էր ինձ անուանում) աշխատանքը, որը շարունակուեց մինչեւ 1967ի Յունիսի 27ը:
Աշխատում էի հոգեբանօրէն յարմարուել նոր իրադրութեանը: Դիւրին չէր. առաւօտեան 9ին ներկայանալ ինստիտուտ (որը պարտադիր էր), ապա Հանրային գրադարան, իսկ կէսօրից մինչեւ 5ը՝ Զարեանի մօտ:
Առաջին օրը ճիշդ ժամին դրան մօտ էի, որ բացեց ինքը՝ Վարպետը: Տանն էին նաեւ որդին՝ Արմէնը եւ Լեւոն Ներսիսեանը: Կարճ խօսակցութիւնից յետոյ նրանք գնացին:
Գրասեղանի վրայ էին արդէն «Հայրենիք»ի համապատասխան համարները, որտեղից պէտք է տողատակի ծանօթագրութիւններով մեքենագրէի «Սպանիա»ն, որը Պետհրատի կողմից հրատարակութեան էր ծրագրուած 1967ին:
Վարպետի հայատառ-լատինատառ փափուկ գրամեքենան ինձ դուր եկաւ, որին հեշտ ընտելացայ: Ուսանողական տարիներիս կարճ ժամանակով նման աշխատանք էի ունեցել «Սովետական Արուեստ» ամսագրի խմբագրութիւնում:
Ինչպէս ասացի, Զարեանի բնակարանը Աբովեան փողոցի վրայ էր, հինգ յարկանի տուֆէ շէնքի երկրորդ մուտքի երրորդ յարկում, երեք խոշոր սենեակներով, լայն, մեծ պատշգամբով՝ Աբովեանի վրայ: Կահաւորումը նոյնպէս բաւարար էր, զգացւում էր ճարտարապետի ներկայութիւն:
Որդին՝ Արմէնը իր ընտանիքով՝ կինը, Ֆրաու Մարիան, չորս զաւակները Սիրվարդը, Անայիսը, Արան եւ Ուալթէրը ապրում էին առաջին մուտքի 5րդ յարկում, որը որոշ անյարմարութիւն էր ստեղծում ընտանիքի համար: Օրեկան մի քանի անգամ նրանք ստիպուած էին իջնել-բարձրանալ, Nonno-ին որեւէ բան փոխանցելու: «Փոստատարները» հիմնականում երեխաներն էին: Նրանք բոլորը գեղեցիկ էին:
Զարեանների տան խօսակցական լեզուն առաւելաբար իտալերէնն էր, ապա՝ հայերէնը:
Արմէնի կինը՝ Ֆրաու Մարիան, գերմանուհի էր, Արմէնը նրա հետ երբեմն գերմաներէն էր խօսում:
Կ?ուզենայի երկու խօսքով յիշել այդ ազնուաբարոյ կնոջը, արտաքինով տիպիկ գերմանուհի, վճիտ բաց դէմքով, զուսպ եւ կիրթ, ծայր աստիճան աշխատասէր ու մաքրասէր, ինչպէս բոլոր Գերմանացիները: Նրա վրայ էր ոչ միայն իր մեծ ընտանիքի հոգսը, այլեւ կեսրայրի կենցաղային առօրեան՝ մեծագոյն հոգածութեամբ:
Սակայն Ֆրաու Մարիան նաեւ ընդգծուած անհատականութիւն էր, խելացի եւ բանիմաց կին: Այդ տարիներին նա գերմաներէն էր դասաւանդում համալսարանում, յարգուած՝ իր ուսանողներից:
***
«Սպանիա»ն առաջանում էր, գլուխները մէկը միւսից ցնցող: Մի օր հարցրի Վարպետին, թէ ինչո՞ւ յատկապէս «Սպանիա»ն որոշեցին հրատարակել: Պատասխանեց.
- Կենտկոմից զանգահարեցին մի օր, ասացին, որ Զարոբեանը (Կենտկոմի առաջին քարտուղարը այդ տարիներին - Ս.Ա.) ուզում է ինձ տեսնել: Գնացի, վեր բարձրացայ, իր սենեակը հասայ: Դռնից հազիւ ներս մտած, Զարոբեանը վեր կացաւ տեղից, մօտեցաւ ինձ, փաթաթուեց եւ տարաւ նստեցրեց ոչ թէ դիմացը, այլ ինքը նստեց կողքիս: Խօսեցինք, կարծես վաղուց ի վեր ինձ կը ճանչնար: Ասաց, որ գործերս վեց հատորով պիտի հրատարակուի: Պետհրատը շուտով «կոնտրա» ստորագրեց 6 հատորի համար: Շատ չանցած Զարոբեանին ազատեցին պաշտօնից եւ «կոնտրան» կորաւ…
Այս ասելով, լռեց եւ անորոշ ու մեկուսի շարունակեց. - Ի՞նչ եղաւ այդ «կոնտրան»…
Ես ապշած լսում էի, մտածելով, որ «Սպանիա»ն հրատարակութեան է առաջարկուել իբրեւ մեղմացուցիչ դէպք յանցանաց: Սակայն «աչալուրջ» ղեկավարութիւնը «Սպանիա»ն եւս արգելեց: Այդ գիրքը հրատարակուեց Զարեանի մահից 29 տարի յետոյ միայն:
«Գրական Թերթ»ը ժամանակ առ ժամանակ Զարեանից որոշ բանաստեղծութիւններ էր տպագրում: Նա գրեթէ ամեն օր նոր բան էր գրում: Բանաստեղծութիւնները իր ընտրութեամբ մեքենագրում էի եւ խմբագրութիւն տանում: Անշուշտ, դա կաթիլ էր ովկիանոսում…
Միամտօրէն մտածելով, որ գրաքննութիւնը բանաստեղծութիւններին թերեւս պակաս խստութեամբ կը մօտենայ, հարցրի մի անգամ, թէ ինչո՞ւ «Օրերի պսակը» (Պոլիս, 1922) չի առաջարկում վերահրատարակել: Պատասխանեց.
- Անկեղծ ասած, բանաստեղծութիւններս կը խանդեմ…
***
Լեւոն Ներսիսեանի հետ խօսում էին «Նաւ»ի ռուսերէն հրատարակութեան մասին՝ Մոսկուայում: Ես համարձակութիւն ունեցայ խօսելու Աշոտ Սահրադեանի մասին՝ իբրեւ թարգմանիչի: Աշոտը մինչ այդ մասնագէտների դրուատանքին էր արժանացել. Զօհրապի «Ճիտին պարտքը», Թոթովենցի «Կեանքը հին հռոմէական ճանապարհին», Չարենցի բանաստեղծութիւնների ռուսերէն թարգմանութեամբ:
(Շար. 3)
«Նոր Յառաջ», Նոյեմբեր 19, թիւ 291