ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ (1885-1969). ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆ


ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ (1885-1969). ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆ

  • 19-11-2011 12:38:14   | Ֆրանսիա  |  Գրական էջ
ՍԵԴԱ ԱՆԱՆԵԱՆ Սեպտեմբերի առաջին օրերից սկսեցի «քարտուղար»ի (ինչպէս ինքն էր ինձ անուանում) աշխատանքը, որը շարունակուեց մինչեւ 1967ի Յունիսի 27ը: Աշխատում էի հոգեբանօրէն յարմարուել նոր իրադրութեանը: Դիւրին չէր. առաւօտեան 9ին ներկայանալ ինստիտուտ (որը պարտադիր էր), ապա Հանրային գրադարան, իսկ կէսօրից մինչեւ 5ը՝ Զարեանի մօտ: Առաջին օրը ճիշդ ժամին դրան մօտ էի, որ բացեց ինքը՝ Վարպետը: Տանն էին նաեւ որդին՝ Արմէնը եւ Լեւոն Ներսիսեանը: Կարճ խօսակցութիւնից յետոյ նրանք գնացին: Գրասեղանի վրայ էին արդէն «Հայրենիք»ի համապատասխան համարները, որտեղից պէտք է տողատակի ծանօթագրութիւններով մեքենագրէի «Սպանիա»ն, որը Պետհրատի կողմից հրատարակութեան էր ծրագրուած 1967ին: Վարպետի հայատառ-լատինատառ փափուկ գրամեքենան ինձ դուր եկաւ, որին հեշտ ընտելացայ: Ուսանողական տարիներիս կարճ ժամանակով նման աշխատանք էի ունեցել «Սովետական Արուեստ» ամսագրի խմբագրութիւնում: Ինչպէս ասացի, Զարեանի բնակարանը Աբովեան փողոցի վրայ էր, հինգ յարկանի տուֆէ շէնքի երկրորդ մուտքի երրորդ յարկում, երեք խոշոր սենեակներով, լայն, մեծ պատշգամբով՝ Աբովեանի վրայ: Կահաւորումը նոյնպէս բաւարար էր, զգացւում էր ճարտարապետի ներկայութիւն: Որդին՝ Արմէնը իր ընտանիքով՝ կինը, Ֆրաու Մարիան, չորս զաւակները Սիրվարդը, Անայիսը, Արան եւ Ուալթէրը ապրում էին առաջին մուտքի 5րդ յարկում, որը որոշ անյարմարութիւն էր ստեղծում ընտանիքի համար: Օրեկան մի քանի անգամ նրանք ստիպուած էին իջնել-բարձրանալ, Nonno-ին որեւէ բան փոխանցելու: «Փոստատարները» հիմնականում երեխաներն էին: Նրանք բոլորը գեղեցիկ էին: Զարեանների տան խօսակցական լեզուն առաւելաբար իտալերէնն էր, ապա՝ հայերէնը: Արմէնի կինը՝ Ֆրաու Մարիան, գերմանուհի էր, Արմէնը նրա հետ երբեմն գերմաներէն էր խօսում: Կ?ուզենայի երկու խօսքով յիշել այդ ազնուաբարոյ կնոջը, արտաքինով տիպիկ գերմանուհի, վճիտ բաց դէմքով, զուսպ եւ կիրթ, ծայր աստիճան աշխատասէր ու մաքրասէր, ինչպէս բոլոր Գերմանացիները: Նրա վրայ էր ոչ միայն իր մեծ ընտանիքի հոգսը, այլեւ կեսրայրի կենցաղային առօրեան՝ մեծագոյն հոգածութեամբ: Սակայն Ֆրաու Մարիան նաեւ ընդգծուած անհատականութիւն էր, խելացի եւ բանիմաց կին: Այդ տարիներին նա գերմաներէն էր դասաւանդում համալսարանում, յարգուած՝ իր ուսանողներից: *** «Սպանիա»ն առաջանում էր, գլուխները մէկը միւսից ցնցող: Մի օր հարցրի Վարպետին, թէ ինչո՞ւ յատկապէս «Սպանիա»ն որոշեցին հրատարակել: Պատասխանեց. - Կենտկոմից զանգահարեցին մի օր, ասացին, որ Զարոբեանը (Կենտկոմի առաջին քարտուղարը այդ տարիներին - Ս.Ա.) ուզում է ինձ տեսնել: Գնացի, վեր բարձրացայ, իր սենեակը հասայ: Դռնից հազիւ ներս մտած, Զարոբեանը վեր կացաւ տեղից, մօտեցաւ ինձ, փաթաթուեց եւ տարաւ նստեցրեց ոչ թէ դիմացը, այլ ինքը նստեց կողքիս: Խօսեցինք, կարծես վաղուց ի վեր ինձ կը ճանչնար: Ասաց, որ գործերս վեց հատորով պիտի հրատարակուի: Պետհրատը շուտով «կոնտրա» ստորագրեց 6 հատորի համար: Շատ չանցած Զարոբեանին ազատեցին պաշտօնից եւ «կոնտրան» կորաւ… Այս ասելով, լռեց եւ անորոշ ու մեկուսի շարունակեց. - Ի՞նչ եղաւ այդ «կոնտրան»… Ես ապշած լսում էի, մտածելով, որ «Սպանիա»ն հրատարակութեան է առաջարկուել իբրեւ մեղմացուցիչ դէպք յանցանաց: Սակայն «աչալուրջ» ղեկավարութիւնը «Սպանիա»ն եւս արգելեց: Այդ գիրքը հրատարակուեց Զարեանի մահից 29 տարի յետոյ միայն: «Գրական Թերթ»ը ժամանակ առ ժամանակ Զարեանից որոշ բանաստեղծութիւններ էր տպագրում: Նա գրեթէ ամեն օր նոր բան էր գրում: Բանաստեղծութիւնները իր ընտրութեամբ մեքենագրում էի եւ խմբագրութիւն տանում: Անշուշտ, դա կաթիլ էր ովկիանոսում… Միամտօրէն մտածելով, որ գրաքննութիւնը բանաստեղծութիւններին թերեւս պակաս խստութեամբ կը մօտենայ, հարցրի մի անգամ, թէ ինչո՞ւ «Օրերի պսակը» (Պոլիս, 1922) չի առաջարկում վերահրատարակել: Պատասխանեց. - Անկեղծ ասած, բանաստեղծութիւններս կը խանդեմ… *** Լեւոն Ներսիսեանի հետ խօսում էին «Նաւ»ի ռուսերէն հրատարակութեան մասին՝ Մոսկուայում: Ես համարձակութիւն ունեցայ խօսելու Աշոտ Սահրադեանի մասին՝ իբրեւ թարգմանիչի: Աշոտը մինչ այդ մասնագէտների դրուատանքին էր արժանացել. Զօհրապի «Ճիտին պարտքը», Թոթովենցի «Կեանքը հին հռոմէական ճանապարհին», Չարենցի բանաստեղծութիւնների ռուսերէն թարգմանութեամբ: (Շար. 3) «Նոր Յառաջ», Նոյեմբեր 19, թիւ 291
Նոյյան տապան  -   Գրական էջ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play