Կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը


Կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը

  • 24-11-2011 13:59:26   | Հայաստան  |  Տնտեսություն

Նոյեմբերի 24-ի կառավարության նիստում կառավարությունն իր երկու որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած երկու որոշումներում, որոնք կանոնակարգում են մարդատար տաքսի ավտոմոբիլներով եւ ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրման կազմակերպումը։ Ըստ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, փաստաթղթերի ընդունման նպատակն է ոլորտում կանխել ապօրինի գործունեությունը, տնտեսվարողների համար ստեղծել հավասար օրենսդրական դաշտ, բացառել առանց սակաչափիչի կամ անսարք սակաչափիչով գործունեության իրականացումը, ինչպես նաեւ արձանագրել կանոնավոր փոխադրումների կազմակերպման ոլորտ ներգրավված տրանսպորտային միջոցների քանակական փոփոխությունները։ Ակնկալվում է, որ այդ ամենի շնորհիվ կբարձրանա մարդատար տաքսի ավտոմոբիլներով մատուցվող ծառայությունների որակը, ոլորտում կապահովվի կանոնակարգված, թափանցիկ եւ վերահսկելի գործունեություն։ Գործադիրը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից եւս մեկում։ Այն բխում է բիզնես միջավայրի բարելավման անհրաժեշտությունից եւ նպատակ ունի վերանայել տնտեսվարող սուբյեկտների համար կնիք ունենալու պարտադիր պահանջը։ Որոշումը նաեւ կնպաստի մի շարք փաստաթղթեր, օրինակ՝ որոշակի արտոնագրեր, էլեկտրոնային եղանակով ստանալու պրակտիկայի արմատավորմանը։ Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերակառուցման հայեցակարգին, որի հիմնական նպատակն է նորացնել Հայաստանի կենտրոնը Վրաստանի հետ կապող տարանցիկ մայրուղիները։ Դրա համար անհրաժեշտ կլինի 4-5 տարի ժամանակ եւ 80-100 մլրդ դրամ ծախս, որը կատարվելու է միջազգային ֆինանսական կազմակերպությունների օժանդակությամբ, պետական- մասնավոր գործընկերության միջոցներով, պետբյուջեի համաֆինանսավորմամբ։ Գործադիրը հաստատել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով Դդմաշեն- Զովաբեր- Հրազդան ճանապարհային հատվածի նորոգման միջազգային բաց մրցույթի արդյունքը ավելի քան 581 մլն դրամ պայմանագրային արժեքով՝ հաղթող ճանաչելով «Բլեսկ» ՍՊԸ-ն։ Աշխատանքը նախատեսված է ավարտել մինչեւ 2012թ. սեպտեմբեր ամիսը։ Իր երկու որոշմամբ կառավարությունը փոփոխել է ՀՀ պետական քոլեջի եւ պետական արհեստագործական ուսումնարանի կանոնադրությունները` սահմանելով, որ քոլեջի գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական, իսկ արհեստագործական ուսումնարանինը` նախնական մասնագիտական (արհեստագործական) հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումն է։
Նոյյան տապան  -   Տնտեսություն