«ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԿԲԱՐՁՐԱՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՐՑԸ», ՎՍՏԱՀ Է «ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ» ՄԻՈՒԹՅԱՆ<br /> ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ<br />


«ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԿԲԱՐՁՐԱՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՐՑԸ», ՎՍՏԱՀ Է «ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ» ՄԻՈՒԹՅԱՆ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

  • 23-02-1998 20:38:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը աննախադեպ շարժում է նախկին ԽՍՀՄ տարածքում, որն ընդգծում է այդ երկրների ժողովուրդների հոգեւոր հարազատությունը, ինչպես նաեւ ռազմավարական գործընկերությունը` արդեն իսկ հայտարարված հայ-ռուսական պայմանագրում»: Այս մասին փետրվարի 21-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Բելառուսի եւ Ռուսաստանի միության Խորհրդարանական ժողովի պատասխանատու քարտուղար, Բելառուսի եւ Ռուսաստանի միության Խորհրդարանական ժողովում ՌԴ Դաշնային ժողովի լիազոր ներկայացուցիչ Օլեգ Ռումյանցեւը, որը Հայաստանում է գտնվում Խորհրդարանական ժողովի պատվիրակության կազմում: Օլեգ Ռումյանցեւը ափսոսանք հայտնեց, որ Հայաստանի պետական իշխանությունը դեռ այս կամ այն ձեւով հստակ դիրքորոշում չի արտահայտել Ռուսաստան-Բելառուս միության նկատմամբ, ինչպես նաեւ միության գործունեությանը Հայաստանի մասնակցության ձեւերի վերաբերյալ: Սակայն, ըստ նրա, ՀՀ ներքաղաքական վերջին իրադարձությունների եւ երկրի քաղաքական Օլիմպոսի նորացման հետ կապված, բացառված չէ, որ ժամանակի հետ կծառանա արդեն հավաքված հսկայական թվով ստորագրությունների եւ Հայաստանի եւ Ռուսաստան-Բելառուս միության ավելի սերտ փոխգործունեության համար քաղաքական պայմանների ստեղծման նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքի հարցը: (ՆՏ-1997թ. նոյեմբերի 4-ին Ռուսաստանի եւ Բելառուսի միության Խորհրդարանական ժողովի նստաշրջանում ընդունվեց որոշում «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնությանը Խորհրդարանական ժողովին մշտական դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին): Ինչ վերաբերում է միության շրջանակներում քաղաքական անկախության պահպանման խնդրին, պրն. Ռումյանցեւը նշեց, որ միության մասին պայմանագրի 1-ին հոդվածի համաձայն, միության մասնակիցը պահպանում է պետական ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Խոսելով Ռուսաստանի եւ Բելառուսի միության հետ Հայաստանի ավելի սերտ համագործակցության համար պայմանների զարգացման հեռանկարների մասին, պրն. Ռումյանցեւն ընդգծեց, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ժողովուրդները հոգեւոր մտերմություն ունեն, չնայած անկախության նվաճմանը եւ ընդհանուր սահմանների բացակայությանը: Իսկ հոգեւոր հարազատությունը կարիք ունի նյութականացման, եւ Ռուսաստանի եւ Բելառուսի միությունը, Օ.Ռումյանցեւի կարծիքով, միջազգային-իրավական այն հարմար ձեւն է, որը հնարավորություններ է ստեղծում իրական հարաբերությունների հարթության վրա այդ հոգեւոր հարազատության նյութականացման համար: Միությանը Հայաստանի միանալը, ըստ Օ.Ռումյանցեւի, հնարավոր է երեք պայմանների պահպանման դեպքում` 1. եթե Հայաստանը հանձն կառնի պայմանագրից բխող պարտավորությունները, 2. միության մասնակից պետությունների համաձայնության առկայություն, 3. միացող պետությունը պետք է լինի միջազգային իրավունքի սուբյեկտ եւ ՄԱԿ-ի անդամ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play