ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ:

ԵԼՈՒՅԹՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

03-02-1998 23:00:00   | Հայաստան  |  Քաղաքական



ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 3-ին 21:50 Հայկական ազգային հեռուստատեսությամբ հեռարձակվեց ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը իր հրաժարականի մասին: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Իշխանության` ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ: Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ

այդ պահանջը եւ հայտարարում իմ հրաժարականը: Զերծ եմ մնում որեւէ մեկնաբանությունից կամ որեւէ գնահատականից իրադրությունը չսրելու նպատակով: Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումը ընդամենը պատրվակ էր: Խնդիրը շատ ավելի խորն
էր եւ կապված էր պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ: Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, եւ ով է իրականում ծախում այն: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Պարզապես Հայաստանում խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել: Բարդույթների մեջ չպետք է ընկնել: Խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես օրինակ` Իսրայելում: Բայց ե'ւ Իսրայելում, ե'ւ Հայաստանում դա անցողիկ է: Ընդամենը` ժամանակավոր նահանջ: Միեւնույն է, վաղ թե ուշ, խաղաղությունը հարթելու է իր ճանապարհը: Կոչ եմ անում ձեզ` ցուցաբերել զսպվածություն, պահպանել երկրի անդորրը եւ անցկացնել նոր նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ: Դա կլինի 8 տարվա ընթացքում ձեզ հետ միասին մեր ստեղծած պետության հասունության վկայությունը եւ արտաքին վարկի պահպանման գրավականը: Նոր նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն` ի շահ եւ ի բարօրություն մեր ժողովրդի: Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերված վստահության եւ աջակցության համար: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ իմ բոլոր զինակիցներին, ովքեր մշտապես անվերապահորեն եղան եւ մնում են իմ կողքին: Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր: Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որեւէ երախտագիտություն: Չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը: Բարին ընդ ձեզ»:

Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 698 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար