«ՖԻԼԻՊ ՄՈՐԻՍԸ» ՆՊԱՍՏԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ
ՁԱԽՈՂՄԱՆԸ
31-01-1996 12:07:00 | Հայաստան | Միջազգային
ԵՐԵՎԱՆ, 31 հունվ (ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-RL) «Ամբողջ աշխարհի
հայերը պարտավոր են բոյկոտել «Ֆիլիպ Մորիսի» բոլոր տեսական
արտադրանքները»,- գրում է Հարութ Սասունյանը ամերիկայ «Հայ կյանք»
շաբաթաթերթի «Ֆիլիպ Մորիսը ընդդեմ հայերի» հոդվածում: Վկայակոչելով
«Վաշինգտոն փոստ մըգազին» պարբերականում հրապարակված 1989-90թթ
«Ֆիլիպ Մորիս» ծխախոտի ընկերության ստորագրությամբ բազմաթիվ
նամակները, հեղինակը հայտնում է, որ երկու նամակ բացահայտում են
այդ ընկերության եւ թուրքական կառավարության միջեւ կնքված գաղտնի
համաձայնությունը` ձախողելու սենատոր Բ.Դոուլի կողմից Կոնգրեսին
ներկայացված հայկական ցեղասպանությունը ընդունելու եւ դատապարտելու
նախագիծը: Հեղինակը նշում է, որ այդ գաղտնի նամակները «Վաշինգտոն
փոստին» է տրամադրել ծխելու դեմ պայքարող «Բժիշկները պետք է հոգան»
կազմակերպության աշխատակիցները: Նամակների ամբողջական
բովանդակությունը հրապարակելուց հետո շաբաթաթերթը եզրակացրել է.
«Հաշվի առնելով «Ֆիլիպ Մորիսի» թշնամական վերաբերմունքը հայերի եւ
հայկական ցեղասպանության նկատմամբ, ամբողջ աշխարհի հայերը պետք
բոյկոտեն ընկերության բոլոր տեսակի արտադրանքները` Ֆիլիպ Մորիս,
Մալբորո, Բոնդ եւ 5 այլ տեսակի սիգարետներ» - ասվում է հոդվածում:
Թերթը նշում է. «Հայաստանի կառավարությունը պարտավոր է պաշտոնապես
արգելել «Ֆիլիպ Մորիսի» արտադրանքների ներմուծումը, իսկ
ընկերությունից պահանջել ներողություն խնդրել մեր զոհերի հիշատակը
անարգելու համար»: