ՔՐԻՍՏՈՆՅԱ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՊԱՀՊԱՆԵԼ
ՀՐԵԱ-ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ
19-01-1996 16:00:00 | Հայաստան | Միջազգային
ՀԵԲՐՈՆ, հունվարի 19 (ՆՏ-AFP) Ամերիկյան քրիստոնյաների մի
փոքրիկ խումբ` բաղկացած սոցիալական ապահովության ոլորտի
աշխատողներից եւ ֆերմերներից, ոչ պաշտոնական խաղաղապահ
գործունեություն է ծավալել Հեբրոն քաղաքում` հրեա նորաբնակների եւ
պաղեստինցի մուսուլմանների միջեւ:
Խմբի 28-ամյա ներկայացուցիչ Ջեֆ Հեյեն նշել է, որ շաբաթ
օրը տեղի ունենալիք պաղեստինյան ընտրությունների ժամանակ, իրենք,
որպես «ոչ պաշտոնական դիտորդներ», իրենց խնդիրն են համարում
աչալրջորեն հետեւել նորաբնակներին, որպեսզի ոչ մի սադրանք եւ
փողոցներում ոչ մի բռնություն չլինի:
Հունիսից ի վեր. երբ վավերացվել է Հորդանանի արեւմտյան ափին
գտնվող քաղաքի ինքավար կարգավիճակը, ի հակադրություն 120000
պաղեստինցիների մեջ ապրող 400 նորաբնակներից ստացվող
սպառնալիքների, «խաղաղության եկեղեցու» չորս անդամներ փորձել են
օգնել կարգուկանոնի պահպանմանը:
Իսրայելական բանակը երկու առանձին միջադեպերի ժամանակ
ձերբակալել է դրանցից երեքին:
«Մենք մեզ դիտում ենք որպես պաղեստինցի ընտանիքների
պաշտպաններ, որոնց նեղում են նորաբնակները: Մենք բնակավայրերի մոտ
պարեկություն ենք սահմանել, հատկապես հանգստյան օրերին», - ասել է
Հեյեն:
Նորաբնակների համար այս դիտորդները միայն մի լրացուցիչ լարման
գործոն են արդեն արդեն իսկ լարված քաղաքի համար: «Նրանք պարզորոշ
կերպով արաբամետ դիրքորոշում ունեն», - ասում են նրանք:
Նորաբնակներն ասում են, որ իրենք նախատեսել են խաղաղ ցույց
կազմակերպել պաղեստինյան ընտրությունների դեմ, որոնք նրանք մերժում
են, ինչպես ինքնավարության հետ առնչվող մնացած գործողությունները`
որպես Աստվածաշնչում նախագծված Մեծն Իսրայելի հողի վաճառք: