ԱԹԵՆՔ, հունվարի 19 (ՆՏ-AFP) Հունաստանի սոցիալիստական PASOK
կուսակցությունը հինգշաբթի օրը երկրի նոր վարչապետ ընտրեց
եվրոպամետ մոդեռնիստ Կոստաս Սիմիտիսին: Պաշտոնական տվյալների
համաձայն, նա 86 ձայն հավաքելով հաղթել է 75 ձայն հավաքած
Պապանդրեուի կողմնակից թեկնածու Ցոհաթզոպոուլոսին:
59-ամյա Սիմիտիսը, որը նախկինում արդյունաբերության
նախարար է եղել, կողմնակից է Պապանդրեուի գործունեության հետ
կապված անցյալի հետ կապերը խզելուն եւ նոր դարաշրջան է խոստանում
իր ժողովրդին:
Սիմիտիսը քննադատել է Պապանդրեուին այն բանի համար, որ
վերջինս Հունաստանը ետ է քաշել Եվրամիությունից, որին միացել էր
1981 թվականին:
Չորեքշաբթի օրը տեղի ունեցած մի դռնփակ հանդիպման ժամանակ
Սիմիտիսը դիմել է կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներին եւ
«եվրոպական կողմնորոշում» է առաջարկել Հունաստանի` Եվրոպական
Միության 15 անդամներից ամենաարեւելյան երկրի համար:
ԱՄՆ-Ի նախագահ Բիլ Քլինտոնը շնորհավորել է նորընտիր
վարչապետին: Սպիտակ Տան հայտարարության մեջ նշվում է, որ
Հունաստանը եւ Միացյալ Նահանգները սերտ բարեկամներ ու
դաշնակիցներ են: Միացյալ Նահանգները ակնկալում է բարեկամական
հարաբերություններ պահպանել նաեւ նոր վարչապետ Կոստաս Սիմիտասի
հետ: