Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է


Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է

  • 12-01-2012 14:26:15   | Հայաստան  |  Տնտեսություն
Facebook սոցիալական ցանցում եւ «ԷկոԼուր»-ի բլոգում Ջերմուկ քաղաքի ակտիվիստները ներկայացրել են Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանին գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված ռիսկերը: Նրանց տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Վերջին շրջանում մամուլում եւ հասարակական շրջանակներում բավականաչափ ակտիվացել են քննարկումները` պայմանավորված Ջերմուկ քաղաքի ոչ հեռու գտնվող «Ամուլսար» կոչվող տեղանքում «ԳԵՈԹԻՄ» ընկերության կողմից բաց եղանակով ոսկու հանքավայրի շահագործման հնարավորությունների եւ դրա հետ կապված հնարավոր ռիսկերի հետ: Այդ կապակցությամբ ահազանգեր են ստացվում Ջերմուկ քաղաքի, Գնդեվազ եւ Կեչուտ գյուղերի բնակիչներից, հասարակական կազմակերպություններից, քաղաքի մշտական այցելուներից: Խնդրի համակողմանի ուսումնասիրության նպատակով, Ջերմուկի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, 2011 թվականի մայիսի 13-ին տեղի է ունեցել քննարկում տեղական իշխանությունների, մեր ներկայացուցիչների, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, ՀՀ բնապահպանության նախարարության, բնապահպանական կազմակերպությունների, «ԳԵՈԹԻՄ» ընկերության, քաղաքի ակտիվ հասարակական ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների ընթացքն ու արդյունքները վեր են հանվել մտահոգիչ մի շարք խնդիրներ, որոնք ցանկանում ենք ներկայացնել Ձեր քննարկմանը: Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը, մեր կարծիքով պայմանավորված է մի շարք ռիսկերի հետ, որոնք պայմանականորեն կարել է բաժանել երկու խմբի. 1. Ռիսկեր` կապված ռադիացիոն ֆոնի փոփոխության հետ, 2. Ռիսկեր` կապված բաց եղանակով հանքավայրի շահագործման հետ: Ռիսկեր` կապված ռադիացիոն ֆոնի փոփոխության հետ: Չնայած «ԳԵՈԹԻՄ» ընկերության հավաստիացումներին, ըստ որի հանքավայրի ուսումնասիրությունները եւ դրանց միջազգային լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ հանքավայրում ուրանի պաշարներ չկան, այնուամենայնիվ մասնագետները վկայում են, որ ոսկին եւ ուրանը (հատկապես մեր տարածաշրջանում) փոխկապակցված էլեմենտներ են, այսինքն` դրանցից մեկի առկայությունը հանքավայրում ենթադրում է մյուսի առկայություն: Հատկանշական է, որ դեռեւս Խորհրդային իշխանության տարիներին Ջերմուկից շուրջ 35 կմ հեռավորության վրա, Վայք քաղաքի մերձակայքում գտնվող Ազատեկի ոսկու հանքի շահագործումը ուղեկցվում էր ուրանի արդյունահանմամբ, ինչի հետեւանքով այդ տարածաշրջանում արձանագրվել է ռադիացիայի մակարդակի կտրուկ աճ, ինչն առողջապահական վիճակագրության արդյունքներով հանգեցրել է քաղցկեղով հիվանդությունների թվաքանակի կտրուկ աճի: Ըստ «ԷկոԼուր» -ի, եթթե Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն իր մեջ պարունակի անգամ Ջերմուկի տարածաշրջանում ռադիացիայի մակարդակի բարձրացման անգամ աննշան ռիսկեր, ապա, մեր կարծիքով այդ հանքավայրի շահագործումն անթույլատրելի է հետեւյալ պատճառներով. Ջերմուկ քաղաքը, որը ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 1064-Ն որոշմամբ հայտարարվել է զբոսաշրջության կենտրոն, որտեղ մարդիկ հիմնականում այցելում են հանգստի եւ առավելապես բուժման նպատակով, հետեւաբար ռադիացիոն ֆոնի ցանկացած փոփոխություն ուղղակի եւ անմիջական բացասական ազդեցություն կունենան քաղաքի, որպես բարձր լեռնային առողջարարական հանգստավայրի հեղինակության վրա` խափանելով քաղաքի հետագա զարգացումն ու բնականոն գործունեությունը` հանգեցնելով արտագաղթի հետ կապված հավելյալ ռիսկերի: Ջերմուկ քաղաքը հայտնի է իր բուժիչ եւ աղբյուրի ջրերով, որոնց շշալցումը հանդիսանում է ոչ միայն մեր համայնքի եւ մարզի, այլ ողջ երկրի տնտեսության կարեւոր եւ հեռանկարային ճյուղերից մեկը: Ռադիացիոն ֆոնի փոփոխությունը, անպայման, իր բացասական ազդեցությունը կունենա նաեւ հանքային ջրերի արտադրության վրա: Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում է գտնվում Կեչուտի ջրամբարը, որտեղի Արփա եւ Որոտան գետերի ջրերը Արփա-Սեւան թունելի միջոցով հասցվում են Սեւանա լիճ: Ջրերի մեջ ռադիացիայի մակարդակի աճը ուղղակի սպառնալիք կարող է հանդիսանալ ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ ողջ երկրի համար` վտանգելով Սեւանա լճի էկոլոգիական համակարգը: Օդում ռադիացիայի մակարդակի ավելացումը կհանգեցնի մի շարք հիվանդությունների աճին, որն իր բացասական ազդեցությունը կունենա տարածաշրջանի բնակիչների առողջության եւ միգրացիայի վրա: Հատկանշական է, որ մինչ այժմ հանքավայրի հետ կապված բոլոր փորձաքննությունները եւ փորձագիտական հետազոտություններն իրականացվել են բացառապես հանքավայրը շահագործման պատրաստող «ԳԵՈԹԻՄ» ընկերության ֆինանսավորմամբ, ինչը նվազեցնում է դրանց արդյունքների նկատմամբ վստահության աստիճանը: Ռիսկեր` կապված բաց եղանակով հանքավայրի շահագործման հետ: Բաց եղանակով հանքավայրի շահագործման ցանկացած տեղանքում առաջացնում բնապահպանական խնդիրներ, որոնք առանձին դեպքերում, մասնավորապես Ջերմուկ քաղաքի մերձակայքում, մեր կարծիքով, պարզապես անթույլատրելի են: Հանքավայրը, որը պետք է շահագործվի, գտնվում է ծովի մակերեւույթից շուրջ 3.000 մետր բարձրության վրա: Սա նշանակում է, որ հանքավայրի շահագործման աշխատանքները ֆիզիկապես հնարավոր է իրականացնել միայն ամառվա ամիսների ընթացքում: Դա համընկնում է Ջերմուկ հանգստի ամենաթեժ սեզոնի հետ, հետեւաբար Ջերմուկից ընդամենը 7-12 կմ հեռավորության վրա գտնվող տարածքում պարբերաբար պայթեցումների իրականացումը, դրանով պայմանավորված փոշու առկայությունը, բեռնատար մեքենաների եւ հանքարդյունաբերական տեխնիկայի աշխատանքով պայմանավորված աղմուկը կխաթարեն քաղաքի այցելուների, հանգստացողների եւ բուժվողների հանգիստը` թուլացնելով Ջերմուկի մրցակցային ամենակարեւոր առավելությունները: Մասնագետները վկայում են, որ Ջերմուկ քաղաքի մերձակայքում քամիներն ունեն այնպիսի ուղղվածություն, որ բաց եղանակով հանքավայրի շահագործման հետեւանքով առաջացող փոշին անմիջապես կտեղափոխվի Ջերմուկ` վնասելով քաղաքի մաքուր օդն ու բնությունը, որոնք հանդիսանում են քաղաքի մրցունակության կարեւորագույն բաղադրիչները: Հավելյալ խնդիրներ կարող են առաջանալ` կապված հանքաքարի մասնատման եւ թափոնների առաջացման հետ, որոնք կավելացնեն փոշու եւ աղտոտման վտանգները: 2010 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունված «Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012 թվականների ռազմավարություն» ծրագրով նախատեսվում է քաղաքի քաղաքաշինական եւ տնտեսական զարգացում տարբեր ուղղություններով: 2010 թվականի հոկտեմբերին ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ՀՀ Նախագահին ներկայացվել է քաղաքի զարգացման նոր գլխավոր հատակագիծը, ըստ որի Ամուլսար կոչվող տեղանքից շուրջ 3 կմ հեռավորության վրա նախատեսվում է նոր Ճոպանուղիների կառուցում, ինչպես նաեւ քաղաքի զարգացում հիշյալ ուղղություններով: Բաց եղանակով հանքավայրի շահագործումը ուղղակիորեն կասկածի տակ է դնում ՀՀ Նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում գտվող հիշյալ ռազմավարական ծրագրերի իրականացում: Հանքավայրը ոչ մեծ հեռավորության վրա է գտնվում Կեչուտի ջրամբարից: Սա նշանակում է, որ հանքավայրում պարբերական եւ ուժգին պայթեցումները կարող են վտանգել արհեստական այդ ջրամբարի արգելապատնեշը, ինչը կարող է աղետալի հետեւանքներ հագեցնել ջրամբարից ներքեւ գտնվող մի շարք բնակավայրերի (Գնդեվազ, Վայք, Մալիշկա, Եղեգնաձոր, Գետափ, Արփի, Արենի) համար, որտեղ բնակվում է ՀՀ Վայոց ձորի մարզի բնակչության գերակշիռ մասը: Այստեղ խնդիրը վերաբերվում է հիշյալ բնակավայրերի եւ դրանցում ապրող մարդկանց ֆիզիկական ոչնչացման ռիսկերին: Կարծում ենք, որ Ջերմուկի շրջակայքում տարբեր օգտակար հանածոների մասին տեղեկություններ եղել նաեւ նախկինում, սակայն որեւէ հանքավայր չի շահագործվել` հաշվի առնելով Ջերմուկի, որպես զբոսաշրջության եւ առողջարանային կենտրոնի հանգամանք ու կարգավիճակը: Հատկանշական է, որ Խորհրդային իշխանության տարիներին Ջերմուկ քաղաքը համարվում էր Հայաստանում միակը հանդիսացող Միութենական նշանակության առողջարանային քաղաք, ինչի արդյունքում քաղաքի մերձակայքում մեծ շառավիղով գոյություն չեն ունեցել եւ հիմա էլ չկան արդյունաբերական ձեռնարկություններ, վնասակար արտանետումներով եւ թափոններով արտադրություններ: Այդ պայմաններում խոսք անգամ չէր կարող լինել հանքավայրերի, առավել եւս բաց եղանակով հանքավայրերի շահագործման մասին: Կարծում ենք, որ հիշյալ ռիսկերը տեսանելի են նաեւ հանքավայրերը շահագործման պատրաստող պետական եւ մասնավոր որոշ մարմինների եւ կազմակերպությունների համար: Դրա ապացույց այն է, որ ռիսկային գոտում գտնվող համայնքների ցանկում Ջերմուկ քաղաքը ներառված չէ, չնայած, որ ներառված է հանքավայրից գրեթե նույն հեռավորության վրա գտնվող Գնդեվազ համայնքը: Ամփոփելով վերոգրյալ, կարծում ենք, որ Ամուլսարի հանքավայրի բաց եղանակով շահագործումը հակասության մեջ է գտնվում ՀՀ կառավարության կողմից ընդունված մի շարք հիմնարար փաստաթղթերի, մասնավորապես. - ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 380-Ա որոշմանը, որով որպես գերակայություններ են սահմանվել տարածքային համաչափ զարգացումը: - ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Ջերմուկ քաղաքը տուրիզմի կենտրոն հայտարարելու մասին» թիվ 1064-Ն որոշմանը: - ՀՀ կառավարության հավանության արժանացած «Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012 թվականների ռազմավարությանը»: - 2010 թվականի ՀՀ Նախագահին ներկայացված Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծին: Սրանից բացի, այդ ծրագրի իրականացում է հակադրվում է նաեւ մեր ազգային անվտանգությանն ու հետինդուստրիալ հասարակության զարգացման գաղափարախոսությանը: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցը դարձնել հատուկ քննարկման առարկա` վերանայելով նախկինում պետական կառավարման տարբեր մարմինների կողմից ընդունված որոշումները եւ հստակեցնելով ՀՀ կառավարության վերջնական դիրքորոշումը նախագծի հետագա իրականացման համար»:
Նոյյան տապան  -   Տնտեսություն