Թեհրանի հայոց թեմի առաջնորդ. «Հայ գիրքը պատիվն է հայի»
21-01-2012 20:17:42 | Իրան | Նոր գրքեր
Սոյն թւականի ուրբաթ, յունւարի 20-ի առաւօտեան, յընթացս ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի առաջնորդանիստ Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում ընթերցւեց Մեծի Տան Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հայրապետական պատգամը՝ Հայ գրքի տարւայ առիթով:
Ինչպէս նախօրօք յայտարարւած էր, հայ գրքի տպագրութեան 500-ամեակի եւ ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից սոյն տարին Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակելու առիթով Վեհափառ Հայրապետը 2012 թւականը հռչակել է Հայ գրքի տարի:
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Հայրը եւս ի գործադրութիւն Վեհափառ Հայրապետի պատգամի՝ Թեհրանի թեմում ներկայ տարին կոչեց Հայ գրքի տարի եւ այս առիթով խորհրդակցութեամբ Թեմական խորհրդի հետ՝ կեանքի կոչեց մի յանձնախումբ՝ այս ուղղութեամբ ձեռնարկներ կազմակերպելու համար:
Իր պատգամի մէջ Վեհափառ Հայրապետը ընդգծել է հայ գրքի տեղն ու դերը՝ մեր կեանքում եւ հայ գրքի նկատմամբ մեր ժողովրդի ունեցած հաւատարմութիւնը վեր հանելով՝ կոչ է արել, որ.
ա - Մեր մտաւորականներն ու գրողները որակաւոր եւ ոգի ներշնչող գրքեր հրատարակեն, որպէսզի մեր ժողովրդի զաւակները լայնօրէն վայելեն հայ գրքից ճառագայթող արժէքները:
բ - Ջանալ մեկենասներ գտնել եւ ունեւոր ազգայիններ մղել, որ օգտակար լինեն հայ գրքի հրատարակութեան:
գ - Քաջալերել, որ հայ ընտանիքներում հայ գիրքը դառնայ մնայուն ներկայութիւն եւ տներում ունենան տնային յատուկ գրադարաններ:
դ - Գնահատել հրատարակչատների կատարած յոյժ կարեւոր աշխատանքը՝ միաժամանակ յիշեցնելով, որ մատչելի գներով եւ գործնական միջոցներով հայ գիրքը առաւելագոյն չափով տարածեն մեր ժողովրդի կեանքում:
ե - Հետապնդել, որ մեր դպրոցներում, միութիւններում ու համայնքային կենտրոններում, ինչպէս նաեւ՝ հայաշատ թաղամասերում, գրադարաններ հաստատւեն, որպէսզի հայ գրքի հետ հայ մարդու մտերմութիւնը լինի անմիջական ու մնայուն:
«Հայ գիրքը մեր փառքն ու պատիւն է,»- ասաց Սրբազան Հայրը՝ Վեհափառ Հայրապետի պատգամի ընթերցման աւարտին,- մօտենանք հայ գրքին եւ կը տեսնենք, որ նա քաղցր, հաճելի ու հարստացուցիչ է բոլորիս համար»:
Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում Վեհափառ Հայրապետի պատգամն ընթերցեց Տ. Մակար վրդ. Աշգարեանը: Յայտնենք, որ կիրակի, յունւարի 22-ին Ս. Գէորգ եւ Ս. Մինաս եկեղեցիներում ընթերցւելու է Վեհափառ Հայրապետի պատգամը:
«Ալիք» օրաթերթ