Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անի» պոեմը՝ Սամվել Մուրադյանի խմբագրությամբ
14-02-2012 13:06:54 | Հայաստան | Նոր գրքեր
Երեւանի պետական համալսարանի հրատարակչության կողմից լույս է ընծայվել Հովհաննես Շիրազի անտիպ ստեղծագործությունը` «Անի» պոեմը` ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանի խմբագրությամբ:
«Անի» պոեմը, որին հեղինակը տվել է «պատմափիլիսոփայական պոեմ» ժանրային բնութագիրը, հզոր արվեստով պատկերում է 11-րդ դարի առաջին կեսի իրադարձությունները, երբ Բագրատունյաց հայոց մայրաքաղաքը հայտնվել էր թշնամու պաշարման մեջ, եւ գործում էին ներքին պառակտիչ ուժերը:
Գագիկ Ա թագավորի մահից հետո թուլացավ Բագրատունիների պետությունը, սաստկացան ներքին երկպառակությունները հատկապես նրա որդիների` Հովհաննես-Սմբատի եւ Աշոտ Դ-ի միջեւ: Հովհաննես-Սմբատ արքան, թուլակամ լինելով, համաձայնում է գաղտնի կտակով Անին հանձնել բյուզանդացիներին, սակայն դրան ընդդիմացան Անիի ազնվականությունն ու բնակչությունը, եւ նրանք` սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ, ուժեղ դիմադրություն ցույց տվեցին հայոց մայրաքաղաքը պաշարած բյուզանդական զորքերին:
«Անի» պոեմը գրվել է ստալինյան ժամանակներում` 1950-51 թվականներին, եւ սկզբից էլ հանդիպել է լուրջ դիմադրության: Գրքի խմբագրի խոսքերով` բանաստեղծի գրչակիցներն ու քննադատները մեղադրանքներ են առաջադրել նրան` պնդելով, թե Շիրազն իրավունք չուներ գրելու «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», իսկ արդեն անկախ Հայաստանում Հ. Շիրազի այս եւ մյուս գործերը չտպագրելն ու անտարբերության մատնելը որեւէ արդարացում չունեն:
Եվ հենց այդ ստեղծագործությունների կարեւորության, մեր ժողովրդի համար անհրաժեշտության գիտակցումով էլ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նախաձեռնել է Հ. Շիրազի երկու երկերը` «Անի» եւ «Թոնդրակեցիներ» պոեմները, Երեւանի պետական համալսարանի կողմից հրատարակելու գործը:
Տպագրելով այս պոեմը` Երեւանի պետական համալսարանը ոչ միայն նրա հեղինակի` իր հանճարեղ սանի չիրականացած փափագն է կատարում, այլեւ լավագույն նվերն է մատուցում հայ ընթերցողին Անին հայոց մայրաքաղաք հռչակելու 1050 եւ հայ գրատպության 500-ամյա հոբելյանների առթիվ: