Բեյրութում կայացավ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքի շնորհանդեսը


Բեյրութում կայացավ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքի շնորհանդեսը

  • 19-03-2012 17:51:36   | Լիբանան  |  Նոր գրքեր
Մարտի 19-ին Բեյրութում Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչության կազմակերպությամբ տեղի ունեցավ լրագրող Թաթուլ Հակոբյանի նոր՝ «Հայացք Արարատից. հայերը եւ թուրքերը» գրքի շնորհանդեսը: Շուրջ 500 էջանոց աշխատությունը, որի վրա հեղինակն աշխատել է շուրջ ութ տարի, առաջինը հրատարակվել է արեւմտահայերենով եւ դասական ուղղագրությամբ: Ապրիլի առաջին օրերին Գյումրիում եւ Երեւանում կներկայացվի գրքի արեւելահայերն տարբերակը, իսկ աշնանը տպագրության պատրաստ կլինի նաեւ գրքի անգլերեն թարգմանությունը ընդհանուր հինգ հազար օրինակ տպաքանակով: Ներկայացնելով գիրքը՝ Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն ասաց, որ հեղինակը «լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երեւան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը», կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաեւ՝ բազմաթիվ անգամներ այցելել Արեւմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք եւ օտար դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: Հեղինակի եւ գրքի մասին խոսք ասացին լիբանանահայ մտավորականներ, այդ թվում Սարգիս Կիրակոսյանը, Տիգրան Ճինպաշյանը եւ Խաչիկ Տէտէյանը: Թաթուլ Հակոբյանի այս գիրքը կազմված է երեք մասերից: Առաջին տասը գլուխներում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի յոթ գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի տասնմեկ գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչեւ մեր օրերը: Գիրքը ունի նաեւ առաջաբան («Ամենատխուր պատարագը») եւ վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաեւ հավելված, որտեղ ներկայացված են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված բոլոր փաստաթղթերը: «Այս գիրքը ես սկսել եմ գրել իմ առաջին՝ «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր» գրքի հետ գրեթե միաժամանակ: Եթե կուզեք, սա իմ առաջին գրքի շարունակություն է՝ երկրորդ հատորը»,- Բեյրությում հավաքվածներին ասաց Հակոբյանը եւ ավելացրեց. «Եթե կարդացել եք իմ առաջին գիրքը, ապա խորհուրդ կտամ այս մեկը եւս կկարդալ եւ սպասել նոր գրքերի»: Թաթուլ Հակոբյանի առաջին գիրքը՝ «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր», 2008-ին տպագրվելուց ի վեր ունեցել է հայերեն երեք հրատարակություն, ինչպես նաեւ թարգմանվել է արեւմտահայերենի, ռուսերենի, անգլերենի, արաբերենի եւ թուրքերենի:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play