Լույս է տեսել «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի երկրորդ հատորը
23-03-2012 13:29:53 | Հայաստան | Նոր գրքեր
«Արամ Հայկազ. Մոռացուած էջեր» գրքի երկրորդ հատորին գրականագետ Մարգարիտ Խաչատրյանը երկար սպասել չտվեց։ Նախորդ՝ առաջին հատորից տպավորված ընթերցողները սպասում եւ միաժամանակ չէին կասկածում, որ Արամ Հայկազին եւ նրա ստեղծագործություններին սիրահարված գրականագետը մոտ մեկ տարվա ընթացքում կվազվզի տարբեր արխիվներ, կպեղի գրադարանների անկյունները, Արամ Հայկազի ժառանգների գրադարակները, կթերթատի մամուլը՝ բարեխիղճ աշխատանք ներկայացնելու համար։
Հատորում ընդգրկված են Արամ Հայկազի գրչին պատկանող տասը տարվա (1951-1960) գրական նյութերը՝ աշխատասիրողի կողմից լրակազմված եւ ծանոթագրված։ Ժամանակագրական կարգով ներկայացված պատմվածքները, հոդվածները, գրախոսություններն ու հրապարակախոսական բնույթի նյութերը առաջին անգամ են մեկ ժողովածուի մեջ համահավաք կերպով ներկայացվում։
Ժողովածուն բացվում է Մ.Խաչատրյանի «Կազմողի կողմից» խոսքով, որում հեղինակն իր երախտագիտության խօսքն է հղում ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին՝ երկրորդ հատորի հրատարակությանն աջակցելու համար։ Չեն անտեսված նաեւ այն անձինք, որոնք իրենց ներդրումն ունեն ժողովածուն անթերի ներկայացնելու գործում։
Կազմողի խոսքին հաջորդում է Արամ Հայկազի ամերիկաբնակ դստեր՝ Այրիս Հայկազ Չեքենյանի խոսքը՝ արտասանված հորը նվիրված հոբելյանական հանդիսության ժամանակ։ Անկեղծ եւ հետաքրքիր բանախոսության միջոցով ընթերցողը ծանոթանում է Արամ Հայկազին որպէս սովորական մարդու եւ ընտանիքի հոգատար հոր։ Այրիսը երախտագիտորեն նշում է, որ բախտավորություն է իր համար նման հարկի տակ ծնվելը եւ Արամ Հայկազի նման հոգատար հայր եւ ընտանեկան արվեստագետ, կյանքի ուսուցիչ ունենալը։ Հրանտ Մարգարյանի թարգմանությամբ զետեղված այս հատվածը Արամ Հայկազի անառարկելի եւ հավաստի կենսագրականն է։
«Արամ Հայկազ. Մոռացուած էջեր» գռքի Բ հատորն ընդգրկում է տարբեր ժանրի նյութեր՝ գրախոսականներ, նամակներ, ակնարկներ, պատվածքներ, ճառեր, հոբելյանական առիթներով ասված բանախոսություններ։ Իր հույզերի ու մտորումների մեջ Արամ Հայկազն այս անգամ եւս անկեղծ եւ անմիջական է։ Օրինակ՝ Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան»ով տպավորված՝ գրում է. «Աղուոր գիրք մը։ Այնքա՛ն աղուոր, որ անոր ընթերցումը հազիւ աւարտած, կը նստիմ ու գրիչս ձեռք կառնեմ՝ հրճուանքս ուրիշներու հետ ալ բաժնելու համար»։ Նման անմիջականությունը եւ սրտաբուխ գնահատականը գամում են ընթերցողին՝ խորանալու հեղինակի հաջորդ էջերում, ապա եւ ներկայացված ստեղծագործության՝ տվյալ դեպքում «Խոդեդան»ի ընթերցանությանը անպայման ձեռնամուխ լինելու։ Հեղինակի նման վերաբերմունքի շնորհիվ հետաքրքրություն եւ անմիջապես ընթերցելու պարտավորություն են առաջացնում Վ. Մինախորյանի «1915 թուականը», Համաստեղի «Սպիտակ ձիաւորը», Վ. Թոթովենցի «Կեանքը հին հռովմեական ճանապարհի վրան» եւ շատ ու շատ այլ ստեղծագործութիւններ։ Հետաքրքրությամբ են ընթերցվում հայոց լեզվի, գրաբարի եւ աշխարհաբարի հիմնահարցերին, եկեղեցական տոներին, գեղարվեստական կտավներին ու հայտնի նկարիչներին նվիրված լուսաբանումները։
Ժողովածուում տեղ են գտել Արսեն Երկաթի, Խոսրով Ներսիսեանի եւ այլոց մի շարք վերլուծականներ։ Ինչպես միշտ, որպես հարազատ եւ անջնջելի թեմա՝ Արամ Հայկազը անդրադառնում է Շապին Գարահիսարի հերոսամարտին։
«Արամ Հայկազ. Մոռացված էջեր» ժողովածուի երկրորդ հատորը՝ որպէս ոգու կորովն ու արիութիյունը չկորցրած հայի կենսասիրության, քրիստոնեական լավատեսության գեղարվեստական վերարտադրություն իր հիմնավոր տեղն ունի գրականագետ Մարգարիտ Խաչատրյանի արդեն հրատարակած գրքերի կողքին եւ, ինչպէս Արամ Հայկազը կասեր, «աղուոր գիրք մըն է»՝ հետաքրքիր եւ բովանդակալից ասելիքով։