Սինոփսիս Արմենիան «Մոսկվա-Բավարիա» ուսանողական դպրոցում


Սինոփսիս Արմենիան «Մոսկվա-Բավարիա» ուսանողական դպրոցում

  • 24-03-2012 11:20:23   | Գերմանիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Սինոփսիս Արմենիան կմասնակցի Մոսկվա-Բավարիա համատեղ ուսանողական դպրոցին (MB-JASS 2012), որը տեղի կունենա Հերշինգում (Բավարիա) մարտի 27-ից ապրիլի 2-ը: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է Սինոփսիս ընկերության Մարքեթինգի գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը: Պատվիրակության կազմում են ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՊՃՀ միջֆակուլտետային «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնի վարիչ, տ.գ.դ. պրոֆեսոր, Վազգեն Մելիքյանը, Հասարակայնության հետ կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանը, եւ երկու ուսանող, որոնք սովորում են Հայաստանի պետական ճարտարագիրական համալսարանի (ՀՊՃՀ) ու Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համատեղ Սինոփսիսի կրթական ծրագրով: Միջոցառման կազմակերպիչներն են «ՄԷՏԻ» Ազգային հետազոտաան համալսարանը եւ Մյունխենի տեխնիկական ինստիտուտը: Ամենամյա միջոցառումը համախմբում է նանոտեխնոլոգիայի, կենսաբժշկական ճարտարագիտության, համակարգչային մոդելավորման եւ հեռահաղորդակցման ոլորտների առաջատար բուհերի դասախոսներ եւ ուսանողներ: Ծրագրին աջակցելու եւ ուսանողներին իրենց գիտական աշխատանքների արդյունքներով կիսվելու հնարավորություն տալու նպատակով, սկսած 2008 թ.-ից, Սինոփսիս Արմենիան յուրաքանչյուր տարի մասնակցում է միջոցառմանը: Ինչպես միշտ, այս տարի նույնպես բացման խոսքով հանդես կգա Ռիչ Գոլդմանը: Այս անգամ նրա ելույթը կլինի «Տեխնոլոգիան եւ տիեզերք. սիմբիոտիկ հարաբերություններ» թեմայի շուրջ: «Մեր տարեկան մասնակցությունը MB-JASS-ին դարձել է ավանդույթ, ծառայելով որպես ԱՄՆ-ի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Գերմանիայի համագործակցության յուրօրինակ մոդել: Սա հետաքրքիր հնարավորություն է մեր ուսանողների համար գիտելիքների փոխանակման եւ իրենց նվաճումները ներկայացնելու, օգնելով բարձրացնել իրենց համալսարանների եւ Հայաստանի տեսանելիությունը, որպես միկրոէլեկտրոնիկայի ոլորտում մրցունակ երկիր», ասել է, Սինոփսիս ընկերության Մարքեթինգի գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն , ՀՊՃՀ պատվավոր դոկտոր եւ «ՄԷՏԻ» պատվավոր պրոֆեսոր Ռիչ Գոլդմանը: «Դպրոցը կարեւոր եւ օգտակար իրադարձություն է մի շարք պատճառներով: Նախ՝ սա հնարավորություն է ուսանողների համար տեղեկանալու տեխոնոլոգիաների եւ բիզնեսի վերջին նորությունների մասին ուղղակիորեն բարձր մակարդակի ղեկավարներից: Երկրորդ՝ մեկ շաբաթ տեւողությամբ դպրոցը դրական միջավայր է ստեղծում ոչ միայն մասնակիցների գիտելիքների փոխանակման, այլ նաեւ միմյանց հետ կապերի ստեղծման համար», ասում է Վազգեն Մելիքյանը, ով MB-JASS 2012-ի շրջանակներում կայանալիք «Ավտոմատացում եւ նանոչափային ինտեգրալ սխեմաների նախագծման մեթոդներ» սեկցիայի համանախագահն է:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ