«Քաղաքական մարքեթինգ» գիրքը՝ բոլորի համար


«Քաղաքական մարքեթինգ» գիրքը՝ բոլորի համար

  • 24-03-2012 16:44:43   | Հայաստան  |  Նոր գրքեր

Մարտի 24-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում Մարքեթինգի հայկական ակումբը նախաձեռնել էր տնտեսագիտության թեկնածու Նարեկ Ղուկասյանի «Քաղաքական մարքեթինգ» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին տնտեսագետներ, քաղաքագետներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ եւ ուսանողներ: Ինչպես նշեցին շնորհանդեսին ներկա հյուրերը, թեման արդիական է, քանի որ նախընտրական շրջանում բոլոր քաղաքական ուժերը զբաղված են քարոզչական աշխատանքներով, եւ մարքեթինգային ժամանակակից գործիքների մասին վերլուծություններ լսելն ուսանելի եւ օգտակար է։ Շնորհանդեսի ընթացքում հեղինակ Նարեկ Ղուկասյանը նշեց, որ «Քաղաքական մարքեթինգ» աշխատությունը նախատեսված է ուսանողության եւ քաղաքական կուսակցությունների առաջմղմամբ զբաղվող մասնագետների համար։ Գիրքը գիտական աշխատություն է, եւ ինչպես նշում է հեղինակը, իր կողմից տրվել են քաղաքական մարքեթինգի տեսական հիմքերը։ Այն համեմված է նաեւ Հայաստանի Հանրապետության օրինակներով՝ փորձելով տալ տարբեր քաղաքական երեւույթների բացատրությունները։ Ըստ Նարեկ Ղուկասյանի, գիրքը կհետաքրքրի հատկապես այն քաղաքական ուժերին, որոնք մտածում են հանրության շրջանում վստահության վերարտադրության մասին։
Նոյյան տապան  -   Նոր գրքեր