Ստորագրվել է հուշագիր՝ դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման վերաբերյալ


Ստորագրվել է հուշագիր՝ դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման վերաբերյալ

  • 04-05-2012 14:35:36   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայիսի 4-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում ստորագրվել է Մտադրությունների հուշագիր` «Դեպի “Զվարթնոց” միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման մտադրության մասին»: Հուշագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը` ի դեմս նախարար Մանուկ Վարդանյանի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն` ի դեմս ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի: Նախագծվող երկաթուղու երկարությունը կազմում է 7800 մետր, որից նոր կառուցվող հատվածը՝ 5350 մետր է: Նախատեսվում է նաեւ 810 մետր երկարությամբ երկաթուղային թունելի կառուցում: Նախագծի իրականացումը հնարավորություն կտա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղեւորատաեւ տերմինալը երկաթուղային գծով միացնել մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանին, իսկ բեռնային տերմինալը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ի «Կարմիր բլուր» կայարանի հետ: Հուշագիրը ստորագրվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հաստատված` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի եւ ազատ տնտեսական գոտու մոտեցման տրանսպորտային ենթակառուցվածքների ռազմավարական ծրագիրը: Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների աճող ծավալներն ապահովելու նպատակով` Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը հիշյալ երկաթուղային գծի հնարավորինս սեղմ ժամկետներում կառուցման մասին, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում: Հուշագրով Կողմերը պայմանավորվել են նշանակել պատասխանատու պաշտոնատար անձանց, որոնք եռամսյա ժամկետում համատեղ առաջարկություններ կմշակեն նախագծի իրականացման համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն