«Սփյուռք» ամառային դպրոց-2012 մասնակցության հայտերի ընդունման ժամկետն երկարացվում է մինչեւ հունիսի 10-ը


«Սփյուռք» ամառային դպրոց-2012 մասնակցության հայտերի ընդունման ժամկետն երկարացվում է մինչեւ հունիսի 10-ը

  • 17-05-2012 11:44:05   | Հայաստան  |  Հայտարարություններ
Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու արմատավորմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-երի գործունեությանը, ինչպես նաեւ համայնքների ինքնակազմակերպմանն աջակցության, ուսուցիչների վերապատրաստման նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երեւանի պետական համալսարանի հենքի վրա 2012թ. կազմակերպում է «Սփյուռք» ամառային դպրոց: «Սփյուռք» դպրոցում գործելու են դասընթացներ հինգ ուղղություններով. 1. Հայոց լեզվի արագացված դասընթաց, 2. Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներ, 3. Կրթօջախների տնօրենների, կազմակերպիչների եւ ուսուցիչների, վերապատրաստում, 4. Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց, 5. Սփյուռքի լրագրողների դասընթաց: 1. Հայոց լեզվի արագացված ուսուցում - 2012թ., 25 հունիսի-13 հուլիսի Հայոց լեզվի ուսուցումն իրականացվելու է` Լեզվական իմացության երեք մակարդակով համապատասխան խմբերում` արեւելահայերեն ու արեւմտահայերեն: Դասընթացներում կդասավանդեն Հանրապետության եւ սփյուռքի հայտնի լեզվաբան-մանկավարժներ: Մայրենիի ուսուցման ընթացքում կզուգակցվեն տեսական-գործնական գիտելիքները, սովորողները կունենան տարբեր միջավայրերում ազգային լեզվով հաղորդակցվելու, լեզվի ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորություն: Երեքշաբաթյա դասընթացներին կարող են մասնակցել սփյուռքահայեր` առանց տարիքային սահմանափակման: 2. Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ - 2012 թ., 25 հունիսի-13 հուլիսի Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը կարող են մասնակցել Սփյուռքի ազգային վարժարանների, ամենօրյա եւ մեկօրյա դպրոցների տնօրեններ, մայրենի լեզվի, հայոց պատմության ուսուցիչներ, կրթական գործի կազմակերպիչներ: Ծրագրի ընթացքում նախապատվություն է տրվելու գործնական պարապմունքներին, ուսումնական, արտադասարանական եւ դաստիարակչական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ փորձի փոխանակմանը, հայաստանյան կրթօջախների մասնագետների եւ մանկավարժների հետ համատեղ ծրագրերի մշակմանը: Ծրագիրը կիրականացվի Երեւանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսների, հանրապետության փորձառու մանկավարժների մասնակցությամբ: Կքննարկվեն Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման շրջանակներում, համայնքներում հայապահպանական ծրագրերի իրականացման գործում սփյուռքի կրթօջախների դերակատարության բարձրացման հարցեր: 3. Ազգային երգ ու պարի դասընթացներ – 2012թ., 18-29 հունիսի Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացների նպատակը սփյուռքի երգչախմբերի խմբավարներին, երաժշտության ուսուցիչներին, պարուսույցներին ծանոթացնելն է հայկական երգերի ու պարերի յուրահատկությանը, գաղափարական ուղղվածությանը, պատմական նշանակությանը, մշակման եղանակներին, կառուցվածքային դասակարգմանը եւ ավանդաբար ժառանգված ժողովրդական պարանմուշներին, երգ-երաժշտությանը: Դասընթացները կվարեն հանրապետության ճանաչված երաժշտագետներ, պարուսույցներ: 4. Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց – 2012 թ., 9-21-ը հուլիսի Երիտասարդ առաջնորդների դպրոցին կարող են մասնակցել սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների 20-30 տարեկան ղեկավարներ եւ հայկական կառույցների երիտասարդ ներկայացուցիչներ: Դպրոցի նպատակն է` - Սփյուռքի հայ երիտասարդ առաջնորդների համար ստեղծել փոխադարձ ճանաչողության դաշտ, կապել հայրենիքին, ծանոթացնել նախարարության համակարգին, ներքին եւ արտաքին քաղաքականության առանձնահատկություններին, կազմակերպել հանդիպումներ պետական իշխանության համակարգի ներկայացուցիչների, ԶԼՄ-ների հետ, մշակել հետագա համագործակցության ձեւեր եւ միջոցներ: - Քննարկել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարներն ու ձեւերը` հայապահպանության, հայ համայնքներում ազգային ինքնության պահպանման ու զարգացման, ձուլման դեմ պայքարի հարցերը: - Համատեղ քննարկումների, երկխոսության արդյունքում առաջարկել հայկական համայնքներում արդյունավետ կառավարման կառուցակարգերի ներդրման, երիտասարդների ակտիվ ներգրավման ձեւեր եւ միջոցներ, ստեղծել նրանց ակտիվացման, հայրենիքի հետ սերտ կապերի հաստատման համար ամուր հիմքեր: 5. Սփյուռքի լրագրողների դասընթաց – 2012 թ., 9-21-ը հուլիսի Սփյուռքի լրագրողների դպրոցում կվերապատրաստվեն Սփյուռքի ինչպես հայկական ԶԼՄ-ում աշխատող, այնպես էլ համայնքների կողմից երաշխավորված լրագրողներ, ովքեր պատրաստվում են աշխատել տվյալ համայնքի ԶԼՄ-ում: Ծրագիրը կիրականացվի «Հայ-թուրքական հարաբերություններն արդի փուլում», «Հայ-ադրբեջանական հարաբերություններ» եւ «Ցեղասպանագիտություն» թեմատիկ խմբերում: Դասընթացներին սփյուռքի լրագրողները հնարավորություն կունենան տեսական եւ գործնական գիտելիքներ ստանալ Հայաստանի եւ Սփյուռքի ճանաչված եւ բազմափորձ լրագրողներից, պետական-հասարակական գործիչներից, ծանոթանալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրներին, ներկա լինել համահայկական նշանակության խնդիրներին նվիրված դասախոսությունների: Դասընթացների մասնակիցների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի գործիչների հետ: Դասընթացներն անցկացվելու են հայերենով: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները: Խմբերի դասընթացների կազմակերպման, մասնակիցների համար մշակութային միջոցառումների, շրջայցերի, մասամբ` նաեւ սննդի ծախսերը հոգում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: Մասնակիցներից կարիք ունեցողները կապահովվեն գիշերակացով` ՀՀ սփյուռքի նախարարության հաշվին: Ցանկացողներին խնդրում ենք մինչեւ 2012թ. Հունիսի 10-ը ներկայացնել համապատասխան հայտերը (հայտաձեւերը կցված են) ՀՀ սփյուռքի նախարարություն հետեւյալ հասցեով` ք. Երեւան, Վազգեն Սարգսյան, 26/1: E-mail: allarmenian@mindiaspora.am, gitakrtakan.diaspora@yandex.com, gitakrtakan-diaspora@mail.ru կամ զանգահարել +37410585601 /117/: «Սփյուռք» ամառային դպրոցի մասին տեղեկատվությունը, դասընթացների մասնակցության հայտերը զետեղված են ՀՀ սփյուռքի նախարարության կայքէջում` www.mindiaspora.am եւ «Հայերն այսօր»` www.hayernaysor.am էլեկտրոնային թերթում: ՀՀ սփյուռքի նախարարություն
Նոյյան տապան  -   Հայտարարություններ