«Կամուրջ» միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Վարդան Հակոբյանի «Քարի շունչը» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը


«Կամուրջ» միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Վարդան Հակոբյանի «Քարի շունչը» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը

  • 29-05-2012 18:14:17   | Վրաստան  |  Նոր գրքեր
Մայիսի 27-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ» միության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի «Քարի շնչառություն» բանաստեղծությունների ժողովածուի վրացերեն գրքի շնորհանդեսը: Հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ ԵկեղեցուՎիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանը, գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, անձամբ «Քարի շնչառություն» բանաստեղծությունների ժողովածուի հեղինակը, վիրահայ մտավորականության ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից եւ Արցախից: Հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ» կազմակերպության նախագահ Անահիտ Բոստանջյանը անդրադարձ կատարեց բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս, զենքով եւ գրչով իր ժողովրդի կամքի հաղթանակի համար պայքարող Վարդան Հակոբյանի ստեղծագործական ուղու վրա: Վրաստանի եւ ՀՀ գրողների միությունների նախագահները, արժեվորելով Վարդան Հակոբյանի գրական գործունեությունը, ի մասնավորի ընդգծեցին «Քարի շնչառություն» ժողովածուում զետեղված բանաստեղծությունների անկեղծությունն ու հուզականությունը, գաղափարական կուռ հենքը, գնահատելով այն որպես նոր խոսք հայ արդի գրականության մեջ: Առանձնապես կարեվորվեց Վարդան Հակոբյանի բանաստեղծությունների վրացերեն գրքի հրատարակությունը, որպես երկու ժողովուրդների մշակութային կապի խորացման դրսեւորում: Շնորհակալության եւ երախտիքի իր խոսքում, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը խոսեց Վրաստանի եւ վրաց գրականության հետ իր կապերի, Սայաթ-Նովայի վրացերեն տաղերին իր ծանոթության, Վահան Տերյանի թարգմանությամբ Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորից» իր հիացմունքի, Մորիս Փոցխիշվիլիի ստեղծագործություններին իր մոտեցման, վրաց երիտասարդ ստեղծագործողների հետ իր բարեկամության մասին: Նա կարեվորելով հայ մշակույթի զարգացման մեջ Թբիլիսիի եւ Շուշիի դերի համանմանությունը, ընդգծեց հորից փոխանցված իր սերն ու մոտեցումը Թբիլիսիին եւ Վրաստանին, եւ գնահատելի անվանեց իր գրքի վրացերեն թարգմանությունը: Վարդան Հակոբյանի «Քարի շնչառություն» ժողովածուից հատվածներ ընթերցեցին Թբիլիսիի թիվ 104 դպրոցի աշակերտուհի Լիզա Թորոսյանը, երիտասարդ վրաց բանաստեղծներ Հենրիխ Դոլիձեն եւ Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարի ավագ քահանա Պետրե Կվարացխելիան: Արցախի գրողների նախագահը վրաց երիտասարդ բանաստեղծներին հրավիրեց աշնանը Ստեփանակերտում կայանալիք երիտասարդ ստեղծագործողների միջազգային փառատոնին:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր