Արմավիրի մարզի հինգ գյուղում կարելի է կանխել բերքի կորուստը կարկուտից


Արմավիրի մարզի հինգ գյուղում կարելի է կանխել բերքի կորուստը կարկուտից

  • 05-06-2012 16:11:27   | Հայաստան  |  Տնտեսություն

2008-ից ի վեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը 165 միլիոն դրամ է հատկացրել Արմավիրի մարզում «Զենիթ» հակակարկտային 23 կայանի տեղադրման համար Հունիսի 5, 2012թ., Երեւան, Հայաստան Կլիմայական պայմանները միշտ չէ, որ նպաստավոր են հայաստանցի ֆերմերների համար: Ամեն տարի երկրի գյուղատնտեսությունը բերքի եւ գույքային զգալի կորուստներ է կրում անբարենպաստ եղանակի պատճառով: Կարկուտից ստացվող վնասը կազմում է բնական աղետներից ստացվող ամբողջ վնասի մոտ 50 տոկոսը: Հաճախ էլ` կարկտի տեսքով տեղումները հանգեցնում են բերքի` մեծածավալ, իսկ որոշ դեպքերում նաեւ` լրիվ կորստի: Բացի այդ, վերջին տասնամյակներում արձանագրվող կլիմայական փոփոխությունները հանգեցրել են կարկտային տեղումների սաստկացման: Մշակված հողատարածքները կարկուտից պաշտպանելու ամենաիրատեսական տարբերակը հակակարկտային կայանների տեղադրումն է: Միայն այս տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն 45 միլիոն դրամի սոցիալական ներդրումներ է իրականացրել` Արմավիրի Քարակերտ, Լեռնագոգ, Շենիկ, Նոր Արտամետ եւ Արգինա գյուղերում ութ միավոր «Զենիթ» հակակարկտային կայանի արտադրման եւ տեղակայման համար: Այս գյուղերի ագարակատերերին քաջ հայտնի է, թե ինչ ծավալի նյութական վնաս կարող է հասցնել կարկուտը: Անցյալ տարի, ըստ որոշ գնահատականների, տեղումների պատճառով նրանք գյուղատնտեսական ապրանքների` մոտ 60 տոկոս կորուստ են կրել: Հակակարկտային կայանի կառավարումն իրականացվում է ավտոմատ կերպով` բջջային հեռախոսից` GSM շարժական կապի միջոցով կիրառելով SMS հաղորդագրություններ: Վերջինիս տեխնիկական ապահովումը իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կապի միջոցներով, ընդ որում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հակակարկտային կայանների համար սահմանվել է կապի հատուկ սակագին: Կայանի ինքնավար աշխատանքն ապահովելու համար օգտագործվել է արեւային էլեկտրասնուցման համակարգ: Հակակարկտային համակարգը բաղկացած է գազագեներատորից եւ գործարկման ավտոմատ համակարգից: Հակակարկտային կայանի աշխատանքի հիմքում ընկած է մթնոլորտի վրա ուղղահայաց տարածվող մեծ ուժգնության հարվածային ալիքների ազդեցության մեթոդը: Համաձայն այս մեթոդի, դեպի վեր ուղղորդված հարվածային ալիքների դաշտը ներազդում է կարկտաբեր ամպերի կառուցվածքի վրա, դրանով իսկ չեզոքացնելով կարկուտի առաջացման եւ հետագա հասունացման հնարավոր նախապայմանները եւ գոյացումները: «Հաճախ` գարնանը կարկուտը զգալի վնաս է հասցնում գյուղացիներին: Սա նաեւ կորուստների է բերում Հայաստանի ամբողջ գյուղատնտեսության համար, որը եւ առաջնային, եւ, միեւնույն ժամանակ, տնտեսության ամենախոցելի ոլորտներից է. զգալի ժամանակ եւ ներդրումներ պահանջող բերքը կարող է բնական աղետի հետեւանքով ոչնչացվել ընդամենը մի քանի րոպեում: Սա հսկայական կորուստ է թե երկրի տնտեսության, եւ թե մասնավոր տնտեսությունների համար: Հակակարկտային կայանները կօգնեն ավելացնել գյուղատնտեսության ոլորտի եկամտաբերությունը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` բարելավել մարզերի բնակչության կյանքի որակը»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 2008-ից 2010 թթ. ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս ծրագրի իրականացման համար հատկացրել է 120 միլիոն դրամ, իսկ միայն 2012-ին` 45 միլիոն դրամ: Գյուղական համայնքներում 4 տարում ընդհանուր առմամբ 165 միլիոն ՀՀ դրամ գումարի ներդրումների միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկանում է օգնել նվազագույնի հասցնել բերքի կորուստը եւ ապագայում գյուղացիների` կայուն զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Հինգ գյուղում մոտ 90 տոկոս արդյունավետությամբ գործող հակակարկտային կայանների տեղադրման շնորհիվ ընդամենը մեկ տարվա ընթացքում Արմավիրի մարզում այժմ հնարավոր կլինի պաշտպանել 800 հեկտար մշակված հողատարածք: «Զենիթ» հակակարկտային կայանները մշակվել եւ արտադրվել են «Բարվա» ինովացիոն կենտրոնի կողմից` մտավոր եւ արդյունաբերական տեղական ռեսուրսների կիրառմամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն