Հուլիսի 1-ից Հայաստանը պաշտոնապես ստանձնում է Բոլոնիայի քարտուղարության պատասխանատվությունը


Հուլիսի 1-ից Հայաստանը պաշտոնապես ստանձնում է Բոլոնիայի քարտուղարության պատասխանատվությունը

  • 11-06-2012 16:26:13   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ա. Աշոտյան. առաջիկա երեք տարիները բեկումնային են լինելու բարձրագույն կրթության ոլորտի համար: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա մի շարք հարցեր: Ներկայացնելով հանդիպման օրակարգը` Արմեն Աշոտյանը նշել է, որ հուլիսի 1-ից Հայաստանը պաշտոնապես ստանձնում է Բոլոնիայի քարտուղարության պատասխանատվությունը, եւ այդ ուղղությամբ ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ` գործընթացի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ Բուխարեստում կայացած նախարարական գագաթաժողովի եւ Բոլոնիայի հետամուտ խմբի հանդիպումների ընթացքում ներկայացվել են առաջիկա երեք տարիների համար եվրոպական բարձրագույն կրթական տարածքի գերակայությունները, որոնց իրագործման նպատակով յուրաքանչյուր երկրում, այդ թվում նաեւ Հայաստանում, կստեղծվեն համապատասխան աշխատանքային խմբեր: Այդ նպատակով նախարարի պաշտոնակատարը ռեկտորներին առաջարկել է ազգային խմբում ներգրավելու համար ներկայացնել մեկական թեկնածու: Ա. Աշոտյանը եւս մեկ անգամ ռեկտորներին հիշեցրել է, որ առաջիկա երեք տարիները բեկումնային են լինելու Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի համար, եւ մինչեւ 2015 թվականը, ըստ նախարարի պաշտոնակատարի, հայաստանյան բուհերը պարտավոր են ի կատար ածել այդ ուղղությամբ իրականացվող նվազագույն ծրագիրը, մասնավորապես, որակի ապահովման, որակավորումների ազգային շրջանակի, ինստիտուցիոնալ հավատարմագրման համատեքստում: Բացի այդ, Արմեն Աշոտյանը ռեկտորներին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը բոլոր բուհերում խստացնելու է իր վերահսկողական գործառույթը. ոչ պետական բուհերում վերահսկողությունն իրականացվելու է "Լիցենզավորման մասին" ՀՀ նոր օրենքի դրույթներին համապատասխան, իսկ պետական բուհերում` նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությունների միջոցով: Ա. Աշոտյանը հավելել է, որ ուսումնասիրությունները վերաբերելու են բուհում կրթական գործընթացի կազմակերպման օրինաչափությանը, օրինականությանը եւ համապատասխանությանը ՀՀ օրենսդրությանը, ՀՀ կառավարության որոշումների եւ ԿԳ նախարարի հրամանների իրականացմանը: Այդ առնչությամբ նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է բուհերին տրամադրել ուսումնասիրությունների համապատասխան թերթիկը եւ ժամանակացույցը: Միաժամանակ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ կարգապահական խստացումներին զուգահեռ` պետությունը պատրաստ է ավելացնել բուհերի ազատությունները` հաշվետվողականության, կարգապահության եւ պատասխանատվության բարձրացմամբ: Նա տեղեկացրել է, որ մոտ ապագայում ՀՀ կառավարության նիստում կքննարկվի ՀՀ պետական բուհերից մեկին` ՊՈԱԿ-ի կարգավիճակից հիմնադրամի փոփոխելու հարցը: Ըստ Արմեն Աշոտյանի` վերոնշյալ փորձնական ծրագրով կորոշվի` որքանով է նման կարգավիճակն առավել նպաստավոր կրթական ծառայությունների մատուցման համար, եւ փորձարկման արդյուքներից է կախված մյուս բուհերի կարգա վիճակի փոփոխության խնդիրը; Հանդիպման օրակարգի մյուս հարցը վերաբերում էր Եվրամիության կողմից առաջարկվող Արեւելյան գործընկերության երկրների համար նախատեսված ծրագրի կրթական բաղադրիչին, մասնավորապես, Տեմպուս եւ Էրազմուս-Մունդուս ծրագրերի մասնակցության ընդլայնման, Եվրոպական մի շարք երկրներում շարժունության, երկկողմանի հարաբերությունների միջոցով միջբուհական համագործակցության, կրկնակի դիպլոմների, կրթական քաղաքականության մշակման եւ ներդրման համատեքստում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ նախանշված մի շարք գերակա ուղղությունների` "Լավագույն ուսանող" հանրապետական մրցույթի, առնվազն երեք մասնագիտությունների գծով կրկնակի դիպլոմների ծրագրի իրականացում, բարձրագույն կրթության տեղեկատվական համակարգի ներդրում, որի շրջանակում նախատեսվում է բոլոր պետական նմուշի դիպլոմները մուտքագրել հատուկ ծրագրի մեջ, որը հասանելի կլինի նաեւ հասարակությանը: Հանդիպմանը քննարկվել են նաեւ պետական ավարտական քննություններին, ասպիրանտուրայի եւ մագիստրատուրայի ընդունելությանը, բանակից զորացրվածների ընդունելության կազմակերպմանը, ինչպես նաեւ համապատասխան վարկային ծրագրի շրջանակում հավատարմագրման եւ որակի ապահովման գործընթացին առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանն առաջարկել է ռեկտորների խորհրդի արտագնա նիստի օրակարգում ընդգրկել եւ քննարկել ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Եվրամիություն–Հայաստան համագործակցության ընդլայնման ծրագիրը եւ ազգային զեկույցը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ