Ուսանողները պատրաստ են իրենց արյունը տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն


Ուսանողները պատրաստ են իրենց արյունը տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն

  • 14-06-2012 13:03:42   | Հայաստան  |  Բարեգործություն

Հունիսի 14-ն Արյան դոնորի համաշխարհային օրն է։ Այն սահմանվել է 2005 թվականին Ժնեւում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար: Արյան դոնորի համաշխարհային օրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպել էին անվարձահատույց արյունատվության ակցիա: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն արդեն 10 տարի իրականացնում է արյունատվական ակցիաներ, որոնց հիմնական նպատակն արյան կարիք ունեցող մարդկանց օգնելն է։ ?Երիտասարդներն արյուն տալուց առաջ ենթարկվում են բուժզննության, հետազոտվում է նրանց արյունը։ Հետագայում նրանք տեղեկացվում են իրենց արյան հետազոտությունների արդյունքների մասին։ Եվ եթե լինում են խնդիրներ, երիտասարդների բուժման գործընթացը նույնպես կարողանում ենք ապահովել։ Մեկ ակցիայով մենք երկու խնդիր ենք լուծում՝ օգնել արյան կարիք ունեցող մարդկանց եւ բուժզննում իրականացնել երիտասարդների շրջանում։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հետեւողական են լինելու նման ակցիաների կազմակերպման հարցում։ Մենք նաեւ կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են իրենց արյունը տալ, մասնակցել արյունատվության։ Սա մարդասիրական ակցիա է, որը համախմբում եւ միասնական է դարձնում մարդկանց։ Ամբողջ աշխարհում այդ խնդիրը լուծվում է արվարձահատույց, կամավոր դոնորների միջոցով։ Մեր կազմակերպություններն այս ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա?,- նշեց Կարեն Ավագյանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը տեղեկացրեց, որ արյունատվության ակցիային մասնակցում են պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողներ եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նա հատկապես ընդգծեց, որ տարեցտարի ավելանում է ոչ միայն արյուն տվող կամավոր երիտասարդների թիվը, այլեւ նման ակցիաներն են դառնում ավելի հաճախակի։ Նա կոչ արեց բոլորին միանալ նման նախաձեռնություններին, քանի որ օգնությունը մենաշնորհ չէ, եւ օգնելու պարտականությունը յուրաքանչյուրինս է, առավել եւս որ մեր հանրապետությունում առկա է արյան պակասի խնդիրը։ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ղեւոնդյանն արդեն 6-րդ անգամ է մասնակցում արյունատվության ակցիաների։ «Ուրախ կլինեմ, եթե իմ արյունն ինչ-որ մեկին անհրաժեշտ կլինի։ Մեր բուհի ուսանողները միշտ պատրաստ են իրենց արյունը տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Նման ակցիաները ողջունելի են, քանի որ երիտասարդների շրջանում նաեւ դոնոր դառնալու մշակույթն են ձեւավորում?,- ասաց Հայկ Ղեւոնդյանը։ Նշենք, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը։ Եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2011թ. կատարվել է մոտ 15000 արյունատվություն։
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play